Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որը կմիավորի ներմուծման և արտահանման հետ կապված բոլոր հիմնական գործառույթները։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Եթե պարզ բառերով խոսենք, ապա այժմ մենք մաքսային գործառույթները որոշակի տարանջատման սկզբունքով ենք անում։ Հայտարարագրումները, ձևակերպումները, փաստաթղթային հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, սակայն, օրինակ, փաստացի զննումները իրականացվում են առանձին տերմինալներում»,– ասաց նա։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ հաճախ այդ տերմինալներում անհրաժեշտ պայմաններ չկան տեղում ստուգումներ իրականացնելու համար։
«Շատ դեպքերում նույնիսկ լաբորատորիաներ չեն լինում, որտեղ, եթե կարիք լինի, ինչ–որ ապրանքներ փորձարկեն, ապա կարողանան տեղում փորձարկել»,– նշեց Հակոբյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով` նախատեսվող կենտրոնի հիմնական նպատակը բոլոր գործընթացները մեկ վայրում կենտրոնացնելն է՝ հեշտացնելով բիզնեսի աշխատանքը և կրճատելով ժամանակը։
«Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի իմաստն այն է, որ այդ բոլոր գործառույթները՝ ոչ միայն մաքսային, այլև բոլոր մարմինների, որոնք գործառույթ ունեն արտահանման և ներկրման հետ, լինեն մեկ համակարգում»,– ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ կենտրոնի տեղակայման վայրը հավանաբար կլինի Երևանին մոտ տարածքում՝ հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։


