Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ։ Ուղերձում ասվում է․
«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Մաղթում եմ, որ այս գարնանային գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն։ Թո´ղ այն դառնա նոր հաջողությունների, նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար:
Մշտապես ընդգծում եմ, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում առանձնակի կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների լիարժեք երաշխավորումը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության և խթանման ուղղությամբ։ Վստահ եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել հանդուրժող և համերաշխ հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ արժանապատիվ կենսագործունեություն և պահպանել իր ինքնությունը։
Կարևոր եմ համարում նաև նշել, որ ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի վերջին մի քանի տարեկան հաղորդումներում՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի շարունակական բարեփոխումներին։
Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավոր Հաբ-Նիսան։ Թո´ղ սիրո և նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գեղեցիկ տոնը ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում»։


