Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն Zarkerak - Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Zarkerak Zarkerak - Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչի, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:

Բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:

Ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:

Ոսկե մեդալի համար նա ապրիլի 23-ին կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:

Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

21 Ապրիլ, 2026 22:09
Վեր