Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել երկարատև ու արդյունավետ համագործակցության համար: Խորհրդարանի ղեկավարն արժևորել է ՄԱԶԾ-ի (UNDP) նշանակալի դերակատարությունն Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում: Նա հաջողություն է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքներում և ձեռնարկումներում:
«Ուժեղ և տոկուն խորհրդարանները չափազանց կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար»,- նշել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ գործունեության համար: Նա հավելել է, որ ցանկանում են նպաստել ներառականությանն ու թափանցիկ քաղաքականության մշակմանը: Խոսելով իրականացվող ծրագրերի մասին՝ Եվա Սունդքվիստը նշել է, որ նախաձեռնություններն ուղղված են արձագանքող և թափանցիկ խորհրդարանի կերտմանն ու զարգացմանը: Բարձր գնահատելով փոխհամագործակցությունը՝ դեսպանը նշել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին ժողովրդավարական, ներառական և կայուն զարգացմանն ուղղված ջանքերում:
«Հպարտության մեծ առիթ է, որ Կանադան արդեն քանի տարի է՝ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցում է Ազգային ժողովի հետ՝ նպաստելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- ասել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Նա ընդգծել է, որ Ազգային ժողովի գործունեությունը ժողովրդավարական գործընթացների հիմնասյուներից է:
ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ռազմավարական է համարել իրականացված աշխատանքները՝ նշելով, որ նպատակն է նպաստել Ազգային ժողովի՝ որպես ժողովրդավարության հիմնասյուն հանդես գալուն և գործունեությանը: Մանրամասն խոսելով իրականացված ծրագրերի մասին՝ Նաթիա Նացվլիշվիլին նշել է, որ վերջին հետազոտությունները փաստում են՝ կատարված բարեփոխումները հանրության շրջանում վստահության աճ են ապահովել:
«Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (MAP 2.0) ծրագրի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանն ամփոփ ներկայացրել է 2025 թվականին իրականացված հիմնական աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող գործողությունները: Նա 2025 թվականի մեծ ձեռքբերումն է համարել Ազգային ժողովի ռազմավարության մշակումն ու հաստատումը: Նախանշվել են այն հինգ առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել ՀՀ ԱԺ աշխատակազմի հետ համատեղ: Ռուզաննա Հայրապետյանը նշել է, որ իրականացվել է հանրային կարծիքի գնահատում, որի համաձայն՝ արձանագրվել է հաշվետվողականության, ԱԺ նկատմամբ վստահության բարձրացման, ընկալման արդյունավետության և գործունեության թափանցիկության աճ: Նա ներկայացրել է նաև 2026 թվականին իրականացվելիք աշխատանքները՝ մինչև ընտրություններ և ընտրություններից հետո:
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ներկայացրել է «Հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի» ստեղծման նպատակն ու գործառույթները: Նա նշել է, որ խորհրդակցական մարմինը ստեղծվում է որպես միջկուսակցական և միջհանձնաժողովային հարթակ, որի նպատակն է հզորացնել Ազգային ժողովի կարողությունները՝ ապահովելով հավասարության, խտրականության բացակայության ու սոցիալական ներառման սկզբունքների համակարգված ինտեգրումը խորհրդարանական աշխատանքներում: Խորհրդակցական մարմինը ստեղծվում է պատգամավորների կամավոր մասնակցությամբ: Համատեղ աշխատանքի միջոցով նրանք իրենց նպաստն են բերելու հավասար և ներառական հասարակության ձևավորման գործին:
Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «Հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի» ստեղծման մասին կարգադրությունը:
ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աջակցությամբ:


