Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են, որոնց հիմքում դրված են անվտանգային հարցերը: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Ապրիլի 21-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը և Էդուարդ Աղաջանյանը:
Արմեն Խաչատրյանը խոսել է երկու երկրների խորհրդարանների սերտ փոխհարաբերություններից, բարձր գնահատել բազմաբնույթ հարցերում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ցուցաբերած օժանդակությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը: ԱԺ պատգամավորները ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում մեր երկրի կողմից իրականացվող քայլերը: Կարևորվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը:
Հյուրերին մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, կարևորվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումը, ինչը, Արմեն Խաչատրյանի խոսքով, կնպաստի Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններից ու տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին՝ այդ հարցում արժևորելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը:


