Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Այսպես, փորձաքննության ներկայացված «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ) և «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում արտադրվող «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:


