Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակում ելույթով է հանդես եկել՝ «ԱՊՀ մասնակից պետությունների իրավական քաղաքականության զարգացումը և արդարադատության նախարարությունների դերը համագործակցության ամրապնդման գործում» խորագրի ներքո։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ԱՊՀ-ն նշում է իր ստեղծման 35-ամյակը, և այս ժամանակահատվածում մասնակից պետությունների միջև ձևավորվել է նշանակալի իրավական համակարգ, որը ներառում է միջպետական համագործակցության լայն շրջանակ։
Ըստ նախարարի՝ Հայաստանի Հանրապետությունն իր նախագահությունը Խորհրդում դիտարկում է որպես հնարավորություն՝ լրացուցիչ ներդրում ունենալու արդարադատության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման գործում՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և ազգային իրավական առանձնահատկությունների հաշվառման սկզբունքների հիման վրա։
Սրբուհի Գալյանն իր ելույթում անդրադարձել է համագործակցության հետագա զարգացմանը.
Կարևորվել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավական ակտերի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումը՝ օրենսդրության համեմատական վերլուծության տարրերով, ինչպես նաև արդարադատության ոլորտի մասնագետների համագործակցության ժամանակակից թվային հարթակների զարգացումը։
Առանձնահատուկ կարևորություն ունի լավագույն իրավակիրառ պրակտիկաների, թվային լուծումների փոխանակումը, ինչպես նաև գերատեսչությունների աշխատակիցների մասնագիտական փոխանակման ծրագրերի իրականացումը։
Համագործակցության հեռանկարային ուղղություններից կարող է լինել հաշտարարության և արբիտրաժի ինստիտուտների զարգացումը ԱՊՀ տարածքում։ Սա հնարավորություն կտա նվազեցնել դատական համակարգերի ծանրաբեռնվածությունը և ձևավորել ավելի կանխատեսելի ու բարենպաստ իրավական միջավայր քաղաքացիների և միջսահմանային բիզնեսի համար։
Նախարարը նշել է, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը, պետությունների իրավական համակարգերի ամրապնդմանը և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի ավելի արդյունավետ պաշտպանությանը։


