Երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ ընտրություններին ստացել է ավելի քան 340 հազար ձայն և միաժամանակ պնդում է, թե ընտրությունները կեղծվել են, ապա բնական հարց է առաջանում՝ որտե՞ղ են այդ հարյուր հազարավոր մարդիկ, երբ գալիս է փողոցում իրենց դիրքորոշումը ցույց տալու պահը։ Սա արդեն պարզապես թվերի հարց չէ։ Սա քաղաքական վստահության հարց է։ Եթե իսկապես համոզված ես, որ հարյուր հազարավոր մարդիկ անկեղծորեն քեզ հետ են, ապա առաջինը հենց նրանք պետք է արձագանքեն քո կոչերին։
Քաղաքականությունը, ի վերջո, չափվում է ոչ թե մամուլի ասուլիսներով կամ սոցիալական ցանցերում գրառումներով ու «լայքերով», այլ մարդկանց պատրաստակամությամբ՝ կանգնելու քո կողքին նաև այն ժամանակ, երբ դրա կարիքն իսկապես կա։
Բայց այս ամբողջ պատմության մեջ առանձնահատուկ խորհրդանշական է դարձել «Ուժեղ Հայաստանի» հավաքների վայրը՝ կրկեսը։ Գուցե սա ընդամենը տեխնիկական ընտրություն է։ Բայց քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի խոսուն են, քան ելույթները։ Եվ թերևս պատահական չէ, որ հենց կրկեսն է դարձել «ուժեղների» գլխավոր հավաքատեղին։ Քանի որ քաղաքական առումով կրկեսն այդ ուժի բնական միջավայրն է։
Կրկեսը զուտ շենք չէ։ Այն մի վայր է, որտեղ ամեն ինչ կառուցված է տպավորություն թողնելու վրա։ Լույսեր, երաժշտություն, բեմ, էմոցիաներ, դերեր։ Կարևորը հանդիսատեսի ուշադրությունը պահելն է։ Իսկ երբ ներկայացումն ավարտվում է՝ վարագույրը փակվում է, և բոլորը վերադառնում են իրենց առօրյային։
Այս առումով կրկեսը «ուժեղների» համար օտար վայր չէ, այն գրեթե հարազատ միջավայր է։ Այդ ուժը վաղուց է ընտրել քաղաքականության այն ձևաչափը, որտեղ առաջնայինը ոչ թե գաղափարների մրցակցությունն է, այլ հանդիսատեսի ուշադրությունը գրավելը՝ էմոցիաներով, աղմկոտ հայտարարություններով և կեղծ հայրենասիրական թեզերով և երևակայական կերպարներով։
Բայց քաղաքականությունը թատրոն չէ, առավել ևս՝ կրկես չէ։ Այնտեղ արդյունքը չի որոշվում ամենաոգևորիչ ելույթով կամ ամենաբարձր ծափահարությամբ։ Այն որոշվում է պատասխանատվությամբ, կազմակերպվածությամբ և իրական ազդեցությամբ։ Երբ այդ ամենը պակասում է, մնում է միայն բեմը։
Եվ թերևս պատահական չէ, որ այդ բեմն այս դեպքում հենց կրկեսի բեմն է։ Որովհետև քաղաքական առումով կրկեսն այդ ուժի ոչ թե ժամանակավոր հավաքատեղին է, այլ բնական միջավայրը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


