Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ Zarkerak - Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ
Zarkerak Zarkerak - Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ
Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ

Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է չնախատեսված այցերից մեկին, որի ժամանակ ականատես է եղել նորակառույց մանկապարտեզի սանհանգույցների անմխիթար վիճակին։ «Երբ խարխուլ դպրոցներում կամ մանկապարտեզներում տեսնում ենք այդպիսի տեսարան, մի կերպ, ինչ-որ ձևով հասկանում ենք, որ այդտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել»,-ասել է վարչապետը և նշել, որ ինքը հրահանգել է ազատել այդ մանկապարտեզի տնօրենին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կատարելու է չնախատեսված այցեր ամենատարբեր տեղեր՝ դպրոցներ, մանկապարտեզներ և զորամասեր. «Երբ նման բաներ տեսա, ես ուզում եմ արձանագրենք, եթե դա վերաբերում է վարչատնտեսական պատասխանատուին, ուրեմն վարչատնտեսական պատասխանատուն չի աշխատելու, ազատվելու է աշխատանքից՝ առանց բացատրությունների, առանց որևէ բանի։ Ես ուզում եմ, որ մենք սա ի գիտություն ընդունենք։ Ընդ որում՝ ես հիմա առաջիկայում ավելի ու ավելի շատ չպլանավորված, քան թե պլանավորված այցելություններ եմ կատարելու»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով նորակառույց դպրոցներին և մանկապարտեզներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բյուջետային համակարգով այնպես է արված, որ շահագործման պատշաճ մակարդակ ապահովվի այդ հաստատություններում։ «Եվ մանկապարտեզների դեպքում էլ, կառուցելուց առաջ մենք համայնքների հետ պայմանավորվել ենք, որ պետք է հստակ բյուջետավորվի դրանց պատշաճ պահպանության ծախսերը։ Հիմա, ելնելով այս կանխավարկածից, ցանկացած տեղ, երբ տեսա այս պատկերին, այսինքն՝ նախագծայինից շեղված իրավիճակ, ուզում եմ արձանագրել, որ տվյալ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենն այլևս պետք է չաշխատի, շատ արագ, օրերի ընթացքում պետք է ազատվի աշխատանքից։ Եթե որևէ մարզում, որևէ համայնքում այս երևույթը կլինի կրկնվող, այսինքն՝ դա ոչ թե մի, այլ երկու տեղում կտեսնենք, արդեն անդրադարձ է լինելու բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր ի պաշտոնե պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակները չլինեն»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելել է՝ շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. «Մենք դրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները և նախապայմանները, այդ թվում՝ բյուջետային։ Եթե ինչ-որ բան շեղում է, անհատական պատասխանատվություն անպայմանորեն պետք է առաջ գա, որևէ այլընտրանք և կոմպրոմիս այստեղ չի կարող լինել։ Ես այս հարցն այնքան եմ կարևորում, որ հարկ եմ համարում դրա մասին Կառավարության նիստում խոսել, որովհետև այստեղ խնդիրը միայն կոնկրետ այդ օրը, այդ պահին ստեղծված իրավիճակի մասին չէ, խնդիրն այն երկարաժամկետ ազդեցության մասին է, որ երեխաներին այդ միջավայրում պահելով և այդ տեսարանները սովորական դարձնելով մեր երեխաների համար՝ մենք հետագայում պրոբլեմներ ենք ստեղծում մեր երկրի, այդ թվում՝ երեխաների համար»։

Վարչապետն ընդգծել է կապն այդ իրավիճակի և 20 տարի հետո տեղի ունեցող իրադարձությունների միջև և նշել, որ այդ հարցերով զբաղվելը համարում է գերսկզբունքային. «Ես ամենաանսպասելի ժամանակ, ամենաանսպասելի տեղեր մտնելու եմ՝ տեսնելու մեր քաղաքականությունները ինչպես են իրականացվում, որովհետև, այդ թվում՝ այս ընթացքում, համոզվել եմ, որ մեր քաղաքականությունները նենգափոխվում են, խեղաթյուրվում են, երբեմն նույնիսկ միտումնավոր է դա արվում, երբեմն չիմացությամբ է դա արվում։ Բայց չիմացությամբ տառապողը ի՞նչ գործ ունի այդ պաշտոններում աշխատելիս։ Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»։

09 Հուլիս, 2026 17:53
Վեր