Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակում «ԳԱԶ-53»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից:
«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)»,- հայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ Ճամբարակ տանող ճանապարհին «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների, ինչի հետևանքով մեկ զինծառայող մահացել էր:
Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել էր քրեական վարույթ: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել էր:


