Ազգային ժողովում ընդդիմությունն այսօր քննադատեց իշխանությունների վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Սակայն, ինչպես հաճախ է լինում, ընդդիմության գնահատականներում տնտեսական իրականությունից ավելի շատ ողբերգականության նկարագրություն կար, քան իրական պատկերը։
Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը գնահատելիս երբեմն մոռանում ենք ամենակարևորը՝ ինչ ճանապարհ ենք անցել։
Վերջին տարիները Հայաստանի համար սովորական տարիներ չէին։ Պատերազմ, հետպատերազմյան ցնցումներ, անվտանգային ծանր իրավիճակ, տարածաշրջանային փոփոխություններ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական անորոշություններ, իսկ հետո՝ նոր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ճգնաժամեր։ Այս ամենի պայմաններում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն կարողացավ դիմանալ, այլև շարունակեց աճել։
2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 7.2 տոկոսով, իսկ այսօրվա հրապարակված պաշտոնական տվյալով՝ 2026-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6.7 տոկոս։ Շինարարությունն աճել է 20 տոկոսով, արդյունաբերությունը՝ 6.4, առևտուրն ու ծառայությունները՝ 7.7 տոկոսով։ Բայց սրանք պարզապես վիճակագրական թվեր չեն։
Դրանք ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիների ծանր հարվածներից հետո կարողացել է ձևավորել դիմադրողականություն։ Եվ սա թերևս ամենակարևոր տնտեսական արդյունքն է։
Միջազգային կառույցների գնահատականներն էլ ընդհանուր առմամբ դրական են։ ԵԱԶԲ-ն 2026-ի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 6 տոկոսի, իսկ Fitch-ը սպասում է 5.2 տոկոս աճի՝ նշելով Հայաստանի տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճը։
Իհարկե, խնդիրներ էլ կան։ Կա գնաճ, գյուղատնտեսությունը լուրջ անկում է արձանագրել։ Տնտեսության հաջորդ փուլի գլխավոր խնդիրը պետք է լինի աճը ավելի մեծ արտադրողականության, արդյունաբերության, արտահանման և բարձր վարձատրվող աշխատատեղերի վերածելը։
Բայց այսօրվա Հայաստանի տնտեսության մասին խոսել միայն խնդիրների լեզվով՝ նույնպես սխալ կլինի։
Որովհետև իրականությունն այն է, որ երկիրը մի քանի ծանրագույն ցնցումներից հետո այսօր ունի աճող տնտեսություն, ակտիվ շինարարություն, զարգացող ծառայությունների և տեխնոլոգիական ոլորտներ, ներդրումային հետաքրքրություն և ավելի մեծ տնտեսական հնարավորություններ, քան մի քանի տարի առաջ։
Հիմա խնդիրը ոչ թե տնտեսությունը փրկելն է։ Խնդիրը դրա ստեղծած հնարավորությունը ճիշտ օգտագործելն է։
Եթե խաղաղության հաստատումը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը և արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը կարող է անցնել զարգացման հաջորդ փուլին։
Եվ այդ դեպքում այս տարիների տնտեսական աճը կարող է հետագայում գնահատվել ոչ թե որպես պատահական հաջողությունների շարք, այլ որպես մի ժամանակաշրջան, երբ Հայաստանը, անցնելով բազմաթիվ ցնցումների միջով, կարողացավ ավելի դիմացկուն տնտեսություն կառուցել։
Հայաստանի տնտեսության ամենակարևոր ձեռքբերումն այսօր գուցե հենց սա է՝ ցնցումներից հետո մենք ոչ թե կանգնած ենք, այլ առաջ ենք շարժվում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


