Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 1/2 եզրափակչում հայ ձյուդոիստը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Մրցումների առաջին օրը պայքարի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային կարգի մարզիկները: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Նավասարդյանը և Նարեկ Նահապետյանը, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը:
Պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:


