Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Հասմիկ Հակոբյանը, մասնակցում է Տանզանիայի Միացյալ Հանրապետության Արուշա քաղաքում ընթացող Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Վեհաժողովում «Նպաստելով արդյունավետ և հաշվետու կառավարմանը՝ համայնքների հզորացման, ներառականության խթանման, վստահության ամրապնդման և բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովման միջոցով» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
«Մեծարգո՛ նախագահ,
Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք նախևառաջ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Տանզանիայի Միացյալ Հանրապետությանը և Տանզանիայի խորհրդարանին՝ մեզ ցուցաբերած ջերմ հյուրընկալության և այս Վեհաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Մեզ համար առանձնահատուկ հաճելի է գտնվել Արուշայում, և մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք գործադրվել են աշխարհի տարբեր երկրներից խորհրդարանականներին մեկ հարկի ներքո համախմբելու և այս ջերմ ու բարեկամական միջավայրն ապահովելու ուղղությամբ։
Պատիվ է ելույթ ունենալ այս Վեհաժողովում և առանձնահատուկ պատիվ է դա անել առաջին անգամ։
Թույլ տվեք սկսել մի պարզ մտքից․ վստահությունն այն չէ, ինչ ինստիտուտները կարող են պահանջել։ Վստահությունը պետք է վաստակել՝ յուրաքանչյուր թափանցիկ որոշման, յուրաքանչյուր հասանելի ծառայության և յուրաքանչյուր կատարված խոստման միջոցով։ Հայաստանն այսպես է ընկալում արդյունավետ կառավարումը։ Այն ոչ միայն այն մասին է, թե ինչպես են աշխատում պետական ինստիտուտները, այլև այն մասին, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում և զգում դրանց աշխատանքը․ արդյո՞ք իրենց լսում են, արդյո՞ք որոշումները կայացվում են թափանցիկ կերպով և արդյո՞ք կա պատասխանատվություն արդյունքների համար։
Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը միացել է 2011 թվականին, և այդ ժամանակից ի վեր մենք փորձել ենք այս սկզբունքը վերածել գործնական քայլերի։ «e-Draft» հարթակի միջոցով քաղաքացիները կարող են ծանոթանալ իրավական ակտերի նախագծերին և իրենց դիտարկումներն ու առաջարկներն անմիջականորեն ներկայացնել քաղաքականություն մշակողներին։ Անցյալ տարի Հայաստանն ընտրվեց նաև «Բաց կառավարման գործընկերության» Ղեկավար կոմիտեի անդամ։
Սակայն ամենակարևոր դասերից մեկը մենք քաղել ենք հենց տեղական մակարդակից, և թույլ տվեք ներկայացնել մեկ օրինակ։
2023 թվականին Հայաստանը մի շարք համայնքներում, այդ թվում՝ Աբովյանում, Աշտարակում և Արմավիրում, սկսեց մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրերի իրականացումը։ Բնակիչներն առաջարկում էին ծրագրեր, քվեարկում դրանց օգտին և հետևում դրանց իրականացման ընթացքին։ Աբովյանում բնակչի առաջարկը վերածվեց ճանապարհային անվտանգության թեմայով խաղահրապարակի։
Սկիզբը համեստ էր։ Առաջին փուլերում մասնակցում էին ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Սակայն երբ մարդիկ տեսան, որ իրենց քվեարկությունն իրական արդյունք է տալիս, մասնակցությունը սկսեց աճել։ Ծաղկահովիտում քվեարկությանը մասնակցել է ավելի քան հինգ հազար բնակիչ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62 տոկոսը։
Դասն այստեղ հստակ է․ մարդկանց մասնակցության անհրաժեշտության մեջ համոզելու կարիք չկա։ Անհրաժեշտ է, որ նրանք տեսնեն՝ իրենց մասնակցությունն իրական փոփոխություն է առաջացնում։
Թվային գործիքները կարող են ընդլայնել այս հնարավորությունը՝ պետական ծառայությունների միասնական «մեկ պատուհանի» հարթակի և Միասնական սոցիալական ծառայության միջոցով, որը սոցիալական աջակցությունն ավելի հասանելի է դարձնում քաղաքացիների համար։ Սակայն թվային պետությունը երբեք չպետք է վերածվի միայն թվային հմտություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված պետության։ Տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և գյուղական համայնքների բնակիչները չպետք է դուրս մնան այս գործընթացից։
Եվ մենք պետք է հիշենք մեր երիտասարդներին։ Նրանք ոչ միայն վաղվա առաջնորդներն են․ նրանք այսօրվա քաղաքացիներն են, և տեղական որոշումների կայացման գործընթացում նրանց ձայնի ապահովումը ներդրում է ավելի ուժեղ համայնքների ձևավորման գործում։
Հարգելի՛ գործընկերներ,
Հենց այստեղ է, որ մենք՝ որպես խորհրդարանականներ, ունենք առանձնահատուկ պատասխանատվություն։
Մեր առաջին պարտականությունն է լսել և արձագանքել լսածին։ Քաղաքացիները մեզ դիմում են իրենց խնդիրներով՝ ճանապարհի վերանորոգման անհրաժեշտությամբ, դժվար հասանելի ծառայությամբ, իրենց համար ոչ լիովին հասկանալի որոշմամբ, իսկ մենք աշխատում ենք Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Մեր երկրորդ պարտականությունը վերահսկելն ու հետևելն է։ Խորհրդարանական վերահսկողությունն իր լավագույն դրսևորմամբ առճակատում չէ։ Այն համատեղ ջանք է՝ ստուգելու, թե արդյոք տրված խոստումները կատարվել են, և քաղաքացիներին ազնվորեն ներկայացնելու, թե ինչ է արվել։
Հայաստանը, ինչպես յուրաքանչյուր երկիր, շարունակում է բախվել մի շարք մարտահրավերների՝ թվային անջրպետ, ապատեղեկատվություն և քաղաքացիների ավելի խորքային մասնակցության ապահովման անհրաժեշտություն։ Ոչ մի երկիր չի կարող միայնակ լուծել այս խնդիրները։
Մենք նաև համոզված ենք, որ միջազգային խորհրդարանական համագործակցությունը կարևոր դեր ունի այս մարտահրավերներին դիմակայելու գործում։ Այն մեզ հնարավորություն է տալիս փոխանակել փորձը, սովորել միմյանցից և ձևավորել գործընկերություններ, որոնք դուրս են գալիս մեր ազգային սահմաններից։
Այս ոգով ցանկանում եմ նաև ջերմ հրավեր ուղղել այստեղ ներկա բոլոր մեր գործընկերներին՝ այս ամիս այցելելու Երևան։ Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, և մենք մեծապես ուրախ կլինենք հյուրընկալել Միջխորհրդարանական միության վեհաժողովի մասնակիցներին Հայաստանում և այս կարևոր միջազգային միջոցառման շրջանակում հանդիպել ձեզ Երևանում։
Շնորհակալություն»,- ասել է Վահագն Ալեքսանյանը:

