Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Zarkerak - Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները
Zarkerak Zarkerak - Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածել է կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձը:

«Սիրելի՛ ուղևորներ, գործարարներ, ավիացիայի ոլորտի մասնագետներ և գործընկերներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում ցանկանում եմ ներկայացնել մեր աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։

Ուղևորներին․ մեր նպատակը շարունակում է լինել Երևանն ու Գյումրին տարածաշրջանի և աշխարհի ավելի շատ քաղաքների հետ ուղիղ չվերթներով կապելը, մրցակցության միջոցով ավելի մատչելի գների ապահովմանը նպաստելը և ուղևորների իրավունքների պաշտպանությունը ԵՄ լավագույն փորձին համահունչ ամրապնդելը։ Թռիչքների անվտանգությունը մեր աշխատանքի հիմքում է։

Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին․ արտահանման առանձին ուղղություններում առաջացող դժվարություններն ընդգծում են շուկաների և փոխադրման ուղիների բազմազանեցման անհրաժեշտությունը։ Կառավարության այս առաջնահերթությանը նպաստելու համար կարևորում եմ բեռնային ավիափոխադրումների հնարավորությունների ընդլայնումը՝ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ հասնելու ավելի հուսալի և մրցունակ ուղիներ ստեղծելու նպատակով։

Ոլորտի մասնագետներին և ընկերություններին․ Հայաստանի օդային կապերի ընդլայնումը մեր համատեղ աշխատանքի առանցքն է։ Պաշտոնավարմանս առաջին 100 օրերի ընթացքում նախատեսում եմ հանդիպել ոլորտի հիմնական ներկայացուցիչներին՝ լսելու Ձեր մտահոգություններն ու առաջարկները և հստակեցնելու համատեղ քայլերը։

Հայաստանյան ավիաընկերություններին․ կարևորում ենք Ձեր մասնագիտական և գործառնական կարողությունների ամրապնդումը, մրցունակության բարձրացումը և Ձեր կողմից իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների կայուն ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը։

Միջազգային ավիափոխադրողներին․ Ձեզ դիտարկում ենք որպես Հայաստանի՝ աշխարհի հետ կապերի ընդլայնման առանցքային գործընկերներ և ակնկալում ակտիվ համագործակցություն՝ նոր ուղղությունների ու հնարավորությունների շուրջ։

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործընկերներին․ գնահատելով ընկերության ներդրումը օդանավակայանների արդիականացման և սպասարկման որակի բարելավման գործում՝ ակնկալում ենք, որ կարգավորող դաշտի ամրապնդմամբ և համատեղ աշխատանքով կհասնենք ծառայությունների որակի չափելի բարձրացմանն ու նոր ենթակառուցվածքների զարգացմանը՝ պետության հետ ներդրումային և ծախսային ծրագրերի, ինչպես նաև կարգավորիչ դաշտի բարեփոխումների վերաբերյալ շարունակական երկխոսությամբ։

Ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին․ օդային երթևեկության կազմակերպումից և վերգետնյա սպասարկումից մինչև տեխնիկական ծառայություններ ու մասնագիտական կրթություն՝ յուրաքանչյուրիդ ներդրումն անհրաժեշտ է։ Ակնկալում եմ գործնական համագործակցություն՝ ոլորտի ընդհանուր կարողություններն ամրապնդելու և ուղևորներին ու բիզնեսին ավելի որակյալ ծառայություններ առաջարկելու համար։

Դոնոր և զարգացման գործընկերներին․ կարևորում եմ արդյունավետ, մեր առաջնահերթություններին համահունչ և չափելի արդյունք ապահովող համագործակցությունը։ Առաջնահերթություն է մնալու Հայաստան–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով և ԻԿԱՕ-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև EASA-ի հետ սերտ համագործակցությամբ ավիացիոն անվտանգության եվրոպական պահանջների ներդրումը։

Այս նպատակներին հասնելու համար կառավարության 2026–2031 թթ. ծրագրի իրականացման շրջանակում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լիազորությունների շրջանակում առաջնահերթորեն կաջակցենք՝

• «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների արդիականացմանը՝ ներառյալ «Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալի վերափոխելը,

• Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելուն,

• ոլորտի կառավարման համակարգի կատարելագործմանը և ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրմանը։

Բաց եմ գործնական առաջարկների և արդյունքին միտված համագործակցության համար»,-ասված է ուղերձում:

19 Հոկտեմբեր, 2026 20:02
Վեր