Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Նախօրեին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ շրջայց իրականացրինք Գյումրիում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«Այցելեցինք Գորկու, Հասմիկ Կիրակոսյան և Շահումյան փողոցներ, ծանոթացանք իրականացվող աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին։
2026 թվականին Գյումրիում նախատեսվում է վերանորոգել շուրջ 15 կմ ճանապարհահատված։ Շրջայցի ընթացքում եղանք նաև Շիրակացի փողոցում, որտեղ հիմնանորոգվում է շուրջ 2,4 կմ ճանապարհահատված՝ ներառյալ ճանապարհի տարանցիկ հատվածը։
Մեր նպատակը մեկն է՝ ապահովել աշխատանքների պատշաճ որակն ու սահմանված ժամկետների պահպանումը՝ բարելավել ճանապարհների վիճակը և բարձրացնել երթևեկության անվտանգությունը։
Շրջայցի ընթացքում անդրադարձանք նաև Գյումրու նախկին Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի՝ Սևյանի ակումբի վերականգնման հնարավորություններին։
Կառույցի վերականգնումը հնարավորություն կտա պահպանել դրա պատմական արժեքը և այն ծառայեցնել քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը։ Մեր տեսլականն է այստեղ ստեղծել ժամանակակից մշակութային կենտրոն, որտեղ Գյումրու երեխաներն ու երիտասարդները կունենան ստեղծագործելու, իրենց տաղանդները բացահայտելու և մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցելու նոր հնարավորություններ»,- գրել է նա։


