«Մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում առցանց եղանակավ կամ բանավոր այն մասին, որ տարբեր հարթակներում տեղ են գտնում հանցավոր բովանդակությամբ տեղեկատվություն, գովազդներ, հայտարարություններ և քաղաքացիները շատ հեշտությամբ տրվում են դրանց»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցերին՝ ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Դատախազության կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են ԶԼՄ-ների, ինչպես նաև առցանց տեղեկատվական հարթակների, սոցիալական ցանցերի մշտադիտարկում. «Դրանց արդյունքում ի հայտ են բերվել նման բովանդակությամբ գրառումներ, հայտարարություններ, տեղեկատվություն և այլն: Բացի այդ ուսումնասիրություն է իրականացվել նաև քրեական գործերի համատեքստում և պարզվել է, որ բազմաթիվ են այն քրեական գործերը, որոնք առնչվում են հենց առցանց հարթակներում նմանատիպ տեղեկատվության առկայության, դրանց տարածման հետ: Այսինքն, միայն մի ուղղությամբ չի ուսումնասիրություն կատարվել: Արդյունքում, նաև նկատի ունենալով, որ նման մասշտաբների հետ մենք գործ ունենք, մեր Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ընդհանուր իրավական կարգավորման դաշտը, թե ինչքանո՞վ է Հայաստանում այս ոլորտն իրավական առումով կարգավորված, ինչքանո՞վ է հնարավոր կամ առկա վերահսկողական որոշակի մեխանիզմներ: Պարզվել է, որ նման իրավական կարգավորումներ և վերահսկողական մեխանիզմներ գոյություն չունեն»:
Ըստ Գոռ Աբրահամյանի՝ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը և վարչության կողմից ֆիքսվել է հետևյալը. «Կան երկրներ, որոնք միջոցներ են ձեռնարկում տեղեկատվության անվտանգությունը հնարավորինս ապահովելու ուղղությամբ, դրա համար գործարկելով որոշակի ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Այդ օրինակներից մի քանիսը բերելով՝ նաև ուսումնասիրության արդյունքների ամբողջական պատկերը համադրելով դրանց հետ՝ Կառավարությանը ներկայացվել է առաջարկություն՝ մտահոգության տեսքով, առկա իրավիճակի կապակցությամբ, և առաջարկություն միջոցներ ձեռնարկելու տեղեկատվական անվտանգության իրավական պաշտպանության մեխանիզմների բազա ստեղծելու համար, նաև այդ համատեքտում հնարավորության դեպքում վերահսկողական մեխանիզմներ ձեռնարկելու: Դատախազության կողմից որևէ վերջնական կամ նույնիսկ կիսատ մեխանիզմ կամ պատրաստ մոդել չի առաջարկվել Կառավարությանը, մենք ընդամենը այդ արդյունքներն ենք ներկայացրել՝ ակնկալելով, որ նրանց կողմից կլինի համարժեք արձագանք և հնարավոր կլինի քննարկումներ ծավալել այս ուղղությամբ՝ ներգրավելով նաև համապատասխան հասարակական կառույցներին և փորձագիտական շրջանակներին»:
Աբրահամյանի խոսքով՝ Դատախազության խնդիրը խոսքի ազատության սահմանափակումը չէ. «Մեր նպատակը բացարձակապես խոսքի ազատության, ժողովրդավարական կարևոր արժեքների նկատմամբ որևէ ոտնձգություն կատարելը չէ, սահմանափակումներ այս ոլորտում իրականացնելը չէ: Մեր նպատակն է որոշակի մեխանիզմներ ներդնել և իրավական կարգավորում ապահովելու միջոցով այս ամենի դեմ պայքար ծավալել»:
Թե հատկապես ի՞նչ բնույթի հանցագործությունների մասին է խոսքը, Գլխավոր դատախազի խորհրդականն ասում է, որ շատ են հանցագործությունները, բայց ավելի մեծ ծավալների են հասել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը. «Վերջին շրջանում հատկապես սարսափելի մեծ ծավալներ են ընդգրկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը առցանց հարթակներով, սոցիալական ցանցերով իրականացնելը: Արդյունքում, մենք ուրբաթ օրը տեղեկատվություն հրապարակեցինք, ըստ որի՝ բացահայտվել էր մեկ հանցավոր խումբ, որը մոտավորապես 20 000 հետևորդներ ունեցող տելեգրամյան ալիքի առցանց խանութների միջոցով իրականացրել էր մոտ 1 միլիարդ դրամի ծավալով ապօրինի թմրամիջոցների շրջանառություն: Նմանատիպ մեկ դեպքի մասին մենք մի քանի ամիս առաջ էլ էինք տեղեկացրել: Շատ են առցանց հարթակների օգտագործմամբ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակություններ կատարելու դեպքերը, երբ օգտագործելով մարդկանց անտեղյակությունը նրանցից տարբեր եղանակներով ձեռք են բերում անձնական տվյալները և հետագայում դրանք օգտագործում են նրանց բանկային հաշիվներից կամ էլեկտրոնային դրամապանակներից գումարները հափշտակելու նպատակով: Ունենք բազմաթիվ ահազանգեր, երբ տարբեր համացանցային ռեսուրսներ օգտագործվում են այս կամ այն կերպ դեռահասներին ինքնասպանությունների հանգեցնելու նպատակով: Շատ են այնպիսի կոնտենտները, որոնք ուղղակիորեն առնչվում են ատելության խոսքին, ազգային, կրոնական խտրականությամբ պայմանավորված թշնամանք հարուցելուն և այս ամենը գեներացվում է տեղեկատվական հարթակներում գործնականում անվերահսկելիության պայմաններում, իրավական կարգավորման բացակայության պայմաններում»:
Խոսելով այս ամենի դեմ պայքարի մեխանիզմների մասին՝ Աբրահամյանը բերում է այլ երկրների օրինակները. «Մի երկրի դեպքում՝ օրինակ որոշակի առանձին պետական մարմին է ձևավորվել, որը հսկողություն է իրականացնում սոցիալական ցանցերում տեղեկատվության բովանդակության նկատմամբ և Դատախազության հետ համագործակցելով միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տեղադրողներն այդ կոնտենտը վերացնեն, չվերացնելու դեպքում նրանց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվում, ընդհուպ նաև այդ կայքերը կամ օգտահաշիվներն արգելափակվում են: Կան երկրներ, որտեղ շեշտը դրված է ավելի շատ իրավական կարգավորումների գործարկման վրա, հատկապես այդ սոցիալական ցանցերը կառավարող մարմինների հետ աշխատանքներ տանելով, այսինքն այստեղ ավելի շատ համագործակցության խթանման վրա է շեշտադրումն արված»:
Անդրադառնալով Հայաստանում կարգավորման մեխանիզմներին՝ Աբրահամյանը նշում է, որ պետք է համատեղ ուժերով, ընդհանուր փորձագիտական ռեսուրսները կենտրոնացնելով՝ ազգային մտածելակերպին բնորոշ և դրանից ածանցվող լուծումներ գտնել. «Այս պահին մենք պատրաստ որևէ դեղատոմս չունենք առաջարկելու: Դատախազությունը մտահոգությունը բարձրացրել է և առաջարկել է լուծումներ գտնել այս ուղղությամբ, որովհետև իրավապահ մարմինների ռեսուրսներն այսօրվա դրությամբ չեն բավարարում այլևս այս ծավալի հոսքերին, հանցավոր դրսևորումների դեմ պայքարելուն»,- ասում է նա ու հավելում, որ սա միայն չպետք է լինի պետության մտահոգության առարկան և սրա դեմ պայքարը շատ ավելի համակարգային բնույթ պետք է կրի:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ Կառավարությանը՝ առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով:
Աննա Բզնունի


