Կարմիր բանակի խաչակրաց արշավանքն ընդդեմ Հայաստանի Zarkerak - Կարմիր բանակի խաչակրաց արշավանքն ընդդեմ Հայաստանի
Zarkerak Zarkerak - Կարմիր բանակի խաչակրաց արշավանքն ընդդեմ Հայաստանի
Կարմիր բանակի խաչակրաց արշավանքն ընդդեմ Հայաստանի

Կարմիր բանակի խաչակրաց արշավանքն ընդդեմ Հայաստանի

Դեպի Երևան Տավուշից մեկնարկած «Խաչակրաց» արշավանքի իրական նպատակը՝ թերևս պարզ կդառնա մոտ օրերս, թեպետ այսօրվա իրադարձությունների սցենարը դեռ 2022 թվականին բացահայտել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ «Հայր մերը» չիմացող նախագահը հայտարարեց, որ ազգի միավորման համար անհրաժեշտ է համախմբվել հարգանք վայելող որևէ եկեղեցականի շուրջը։

Եվ ահա, Բագրատ Սրբազանի Տավուշից դեպի Երևան քայլերթն սկսել է իր շուրջը համախմբել, ոչ թե ամբողջ ազգին, այլ Քոչարյանի քաղաքական և բիզնես տանիքի տակ գործող օդիոզ դեմքերին՝ նախկին թալանչի պետական գործիչների, որոնք անցնում են տարբեր քրեական և կոռուպցիոն գործերով, հասարակական, քաղաքական դեմքերի, գրեթե բոլոր նրանց, ովքեր նույնքան ջանասիրությամբ ժամանակին փորձում էին փրկել Արցախը, սակայն, թե հետո ինչ արեցին Արցախի հետ՝ գիտեն բոլորը։

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, ինչպես նաև պատահական չեն հայտնվել Բագրատ Սրբազանի կողքը շուրջպար բռնողները։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք նաև նրանց, ովքեր Արցախի բլոկադայից մի քանի օր առաջ «բոլորովին պատահական» հայտնվել էին Արցախում, իսկ բլոկադայի առաջին օրերին շուրջպար էին բռնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջը, զբաղված էին Վարդանյանի PR-ով, հեռուստամարաթոններ, տարատեսակ մեդիաքննարկումներ էին կազմակերպում, իսկ հետո, երբ Արցախի բլոկադան ավելի դաժան երանգներ սկսեց ստանալ՝ շուրջպար բռնողները չգիտես ոնց՝ կարողացան ճեղքել բլոկադան և հետ վերադառնալ Հայաստան, իսկ Վարդանյանն արդեն մի քանի ամիս անց հայտնվեց Բաքվի բանտում։

Հիմա, այդ նույն մարդիկ այսօր զբաղված են Բագրատ Սրբազանի քայլերթը գովազդելով, սոցհարթակներում սրբազան Բագրատից հայրենիքի փրկիչ կերտելով։ Իսկ, իրականում՝ նրանց ոչ թե Բագրատ Սրբազանի քայլերթն է հետաքրքրում, այլ Արցախի ողբերգական սցենարի կրկնությունն արդեն Հայաստանում։

Ներքաղաքական բախումներ, որոնց առաջին ծիլերն արդեն երևում են։ Վերջին օրերին կրեմլահպատակ բլոգերների և գործիչների «ախռանիկների» կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը դրա վառ ապացույցներից են։ Այնուհետև, Բագրատ Սրբազանի գլխին «լուսապսակ» դնողները փորձելու են բախումներն ավելի ընդլայնել, զուգահեռ չի բացառվում թշնամի պետության հարձակումը Հայաստանի վրա։ Կառաջանա ներքին և արտաքին քաոս ու այդ պահին կհայտնվի փրկիչը հյուսիսից, իսկ ավելի ճիշտ ոխերիմ բարեկամը և հերթական անգամ տեղի կունենա Հայաստանի օկուպացիան, ինչպես դա արդեն եղել էր 100 տարի առաջ։

Մկրտիչ Իսրայելյան

06 Մայիս, 2024 12:56
Վեր