Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրենց կողմից նմանատիպ հայտարարություններն ընդհանրապես կառուցողական չեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի այսօր հնչեցրած հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Նշենք, որ Ալիևը հայտարարել է, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գոյչա լիճ:
Պատգամավորի խոսքով՝ դեռ մեկ ամիս առաջ վարչապետն էլ հորդորել է, որ նմանատիպ հայտարարություններ չլինեն, քանի որ գնում ենք խաղաղության ճանապարհով. «Կարծես դադարել էին այդպիսի հայտարարությունները, չգիտեմ՝ այսօր ինչով պայմանավորված է նման հայտարարություն արել, բայց կարծում եմ՝ մեր կողմից պատասխան կլինի, ամեն հանդիպման ժամանակ պետք է նրան հիշեցնել, որ դա կառուցողական չէ, գործընկերային չէ, և մենք նախաստորագրած պայմանագիր ունենք, պետք է զերծ մնանք նման հայտարարություններից: Մենք միշտ ասել ենք, որ խաղաղությունը շատ փխրուն է և հետևում ենք մեր ամեն քայլին, որպեսզի հնարավոր ձևով տուրք չտանք նման խոսույթի զարգացմանը, եթե մենք էլ այս կողմից սկսենք ավելի սուր արտահայտվել, դա լավ տեղ չի տանի: Մեզ ամուր նյարդեր են պետք»,- ասաց նա և հույս հայտնեց, որ միջազգային հանրությունն էլ կհորդորի, որպեսզի չշարունակվի նման հռետորաբանությունը:
Ղազարյանը նաև ընդգծեց, որ հայկական կողմն աշխատում է, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ. «Այս պահի դրությամբ որոշ չափով ստացվում է, բայց այդ հայտարարությունները դեռ վերջնական չեն մարել, կարծում եմ՝ գնալով դա էլ կդադարեցնեն»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին և իրենք պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով՝ պատգամավորն ասաց. «Նա շատ լավ հասկանում է, որ խաղաղության նախաստորագրված համաձայնագիր ունենք և խաղաղության ենք գնում ու խոսքի կեսից փորձում է այդ հայտարարությունն ավելի փափկեցնել: Այնպիսի ամուր հիմքեր կան, որոնց վրա կարելի է հենվել և ասել, որ պատերազմի հավանականությունն այս պահին գրեթե զրոյի է մոտեցված: Ես ո՛չ իրատեսական եմ համարում այն կողմից գալը, ո՛չ այստեղից այնտեղ վերադառնալը»:


