Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցությամբ և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, Մալիշկայում (Վայոց ձորի մարզ) և Բարձրավանում (Սյունիքի մարզ) հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-Արմենիան:
Վերանորոգված կենտրոններն անվտանգ և ներառական միջավայր կապահովեն 5-ից 15 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ փախստական ընտանիքներից։
Մալիշկան, որտեղ ապրում է ավելի քան 350 երեխա, այդ թվում՝ 48 փախստական, և Բարձրավանը, որտեղ ապրում է 19 երեխա, որոնցից 12-ը փախստականներ են, այժմ ունեն սոցիալական շփմանը և էմոցիոնալ բարեկեցությանը նպաստող հնարավորություններ։
Երկու կենտրոնների վերանորոգման և կահավորման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ՝ երեխաների կարիքների համապարփակ գնահատման արդյունքում։
Վերջինս ցույց է տվել երեխաների համար անվտանգ և համակարգված միջավայրի հրատապ անհրաժեշտությունը: Ընդ որում համայնքները պարտավորվել են իրենց բյուջեներում ներառել կենտրոնների գործունեության շարունակականությունը՝ հոգալով կոմունալ ծառայությունների ծախսերը և աշխատավարձերը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք ասում ենք, որ յուրաքանչյուր երեխայի համար պետք է հասանելի լինեն անվտանգ, ջերմ և աջակցող կենտրոններ իրենց իսկ համայնքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։
«Այս կենտրոնները հատկապես կարևոր են այն համայնքներում, որոնք ընդունել են փախստական երեխաների և դեռահասների, ովքեր վերապրել են կորուստ, տեղահանում և հոգեսոցիալական սթրես»,- նշել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մշտական ներկայացուցիչ պրն Ջունջի Վակույին։
«Մալիշկայի կենտրոնի պես երեխայակենտրոն վայրերը կենսական դեր են խաղում ներառական և անվտանգ միջավայրերի ձևավորման գործում, որտեղ փախստական և հյուրընկալող համայնքների երեխաները կարող են միասին ինտեգրվել, մեծանալ և օգտվել հոգեսոցիալական ու այլ աջակցող ծառայություններից»։
«Երեխաների համար նախատեսված նոր կենտրոնների ստեղծումը վկայում է, որ երբ համայնքը, գործընկերներն ու քաղաքացիական հասարակությունը միավորում են ջանքերը, համայնքում հնարավոր են դառնում երկարատև և դրական փոփոխություններ: Մալիշկայի և Բարձրավանի կենտրոնները ստեղծվել են հենց նման ձևաչափով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքների և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միջև ձևավորված ամուր գործընկերության արդյունքում ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եղեգնաձորի և Գորիսի համայնքապետարաններին՝ ողջ գործընթացում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության և աջակցության համար: Հավատացած ենք, որ այս կենտրոնները դրական և երկարատև ազդեցություն կունենան երեխաների զարգացման և համայնքների հզորացման գործում»,- նշել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպաստում է Հայաստանի ողջ տարածքում բազմաոլորտային ծառայությունների կայուն ցանցի ձևավորմանը, որորնք միտված են աջակցելու երեխաների բարեկեցությանը։ Ճապոնիայի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է 2026 թվականին բացել ևս մեկ նմանատիպ կենտրոն։


