ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագիրը՝ Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ թողարկել են «Կումայրիից մինչև Գյումրի» առաջին ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը։ Էլեկտրոնային ուղեցույցի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին առցանց։ Այս յուրահատուկ նախագիծն իրագործվել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։
Ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը ներկայացնում է Գյումրու պատմական և մշակութային տեսարժան վայրերը։ Այն ներառում է եռաչափ (3D) և վիրտուալ իրականության (VR) ինտերակտիվ քարտեզներ՝ վերլուծության դինամիկ հնարավորություններով և հարակից կառույցների որոնումով: Ունի հարուստ տեսողական ու աուդիո բովանդակություն, որն այցելուներին հնարավորություն է տալիս վիրտուալ շրջայց կատարել Գյումրի քաղաքում կամ օգտագործել այն անձնական այցի ընթացքում։
Էլ. ուղեցույցը հասանելի է https://avc-agbu.org/kumayri հղումով:
«Մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցի միջոցով նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի մշակութային այցեքարտերից մեկի՝ Գյումրիի պատմամշակութային ժառանգության հետագա հանրայնացման և հասանելիության տեսանկյունից», - ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆ Փարեթչանը նախագիծն անվանեց «գործընկերության դրական ուժի ևս մեկ օրինակ»` հիշելով նախկինում ՀԲԸՄ-ի հետ ունեցած բազմաթիվ համագործակցությունները, ինչպես՝Վայոց ձորի պատմամշակութային վայրերին նվիրված էլեկտրոնային գիրքը։
«ՀԲԸՄ-ն ունի չորս առանցքային հիմնասյուներ՝ մշակույթը, կրթությունը, մարդասիրական և սոցիալ-տնտեսական զարգացումը, Գյումրիի մշակութային ժառանգության այս ցուցադրությունը հրաշալի կերպով տեղավորվում է այդ հիմնասյուներից երկուսի՝ մշակույթի և տնտեսական զարգացման մեջ՝ զբոսաշրջության միջոցով», - իր ողջույնի խոսքում նշեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և հանրային կապերի պատասխանատու Արդա Հարաթունյանը։
Նրա խոսքով՝ ՀՎՀ-ն եղել է հայկական առցանց կրթության տեխնոլոգիական նորարարության առաջամարտիկ և նոր էլեկտրոնային ուղեցույցը դրա ևս մեկ ապացույցն է։
«Այս վիրտուալ ցուցադրությունը կխթանի Գյումրիում տեղական և միջազգային զբոսաշրջության զարգացումը։ Մենք խորապես գնահատում ենք թիմային աշխատանքը, որն օգնեց կյանքի կոչել այս նախագիծը», - ասաց «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։
«Հիանալի էր տեսնել, թե ինչպես կյանքի կոչվեց այս նախագիծը։ Մենք օգնեցինք ստեղծել մնայուն նյութ, որը վերահաստատում է և հանրայնացնում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը», - իր եզրափակիչ ելույթում նշեցՍմիթսոնյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների գրասենյակի ներկայացուցիչ Լորեն Էփլբաումը:
ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, դոկտոր Երվանդ Զորյանը նոր էլեկտրոնային ուղեցույցը որակեց ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի հաջողված շարունակություն․ «Այս անգամ այն գեղեցիկ պատմություն-քարտեզի ձևաչափով է՝ ինտերակտիվ մուլտիմեդիա բովանդակությամբ: ՀՎՀ-ն օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաներ Գյումրու գեղեցիկ ժառանգությունը վիրտուալացնելու համար»:
Առցանց ցուցադրությանը նաև մասնակցեցին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանը,Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնիհիմնադիր տնօրեն Աշոտ Միրզոյանը, Լիզ Թյունիկը Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների գրասենյակից և տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ռիչարդ Կուրինը։
Ուղեցույցում այժմ ներառված են Կումայրիպատմական թաղամասի 12 հիշարժան կառույցները։ Այս շարքը պարբերաբար թարմացվելու և լրացվելու է նորերով՝ լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատմական և ճարտարապետական հարուստ ժառանգությունը։
ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը կարելի է ներբեռնել անվճար։ Այն հասանելի է յոթ լեզուներով՝ սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների համար։
Դիտեք «Կումայրիից մինչև Գյումրի» էլ. ուղեցույցի տեսահոլովակը: