Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, հասարակական խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ խորհուրդն առանցքային հարթակ է իրենց համար՝ ոլորտային քաղաքականությունների ու ռազմավարական որոշումների մշակման գործընթացում լայն մասնակցայնություն և ներառականություն ապահովելու նպատակով։
Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև գիտական ու տեխնոլոգիական համայնքների ակտիվ համագործակցությունը՝ նշելով, որ նախարարությունը առաջնորդվում է բաց և համագործակցային աշխատանքի սկզբունքով։ Նախարարն ընդգծել է խորհրդի բազմազան կազմի և նիստերի թափանցիկ ձևաչափի կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստերը հեռարձակվում են ուղիղ եթերով։
Նիստի ընթացքում քննարկվել են երեխաների առցանց անվտանգությանը և սինթետիկ մեդիայի մասին օրենքի նախագծին առնչվող հարցեր։
Խորհրդի անդամները ներկայացրել են հարցեր, առաջարկներ և դիտարկումներ՝ նախագծերի լավարկման նպատակով։


