Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորված է բացառապես Հայաստանի շահերով և չի արվում Ադրբեջանի պահանջով։
ԱԺ նախագահն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել Ադրբեջանի պահանջով։
«Հայաստանի Սահմանադրությունը և այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի շահերի համար: Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար: Դրանք արվում են Հայաստանի գոյատևման, ապագայի համար»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է պահանջել Ադրբեջանից փոխել Սահմանադրությունը՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել են և խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա: Խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են:
«Նման օրակարգ չկա: Հայաստանին պետք է, որ ինքը լավ զորք ունենա: Ես այնպես եմ անում, որ Հայաստանի բանակը կարողանա լավ զինվել և կարողանա իրեն պաշտպանել: Ես չեմ մտածում, որ պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ-որ բան պարտադրեմ, որ վաղն էլ ինքը մտածի մեզ ինչ-որ բան պարտադրելու մասին: Ես մտածում եմ Հայաստանի շահերի մասին: Եվ Հայաստանի շահն ասում է, որ մենք պետք է ունենանք այն Սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ տարածաշրջանում որպես վտանգ դիտարկել»,-նշեց Սիմոնյանը:


