Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ կա նախագծերով առաջարկվող փոփոխությունների լավարկման անհրաժեշտություն, և վարչապետը հանձնարարել էր աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցել է իրականացված վերլուծությունների մասին և մանրամասներ ներկայացրել առաջարկվող նոր ընթացակարգերի, հարկային ոլորտի զարգացման և վարչարարության բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի վերափոխմանն ուղղված աշխատանքներին:
Վարչապետը կարևորել է հարկային քաղաքականության հետևողական բարելավումն ու լավարկումը:

