Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։
Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսել է 100,000.0 հազար դրամ՝ ՀՀ մարզերում 800 մասնակցի ներգրավմամբ տեխնոլոգիական ուսուցողական դասընթացներ անցկացնելու համար։
Նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրից ստացել է բաղադրիչը համատեղ իրականացնելու առաջարկ, որով ՄԱԶԾ-ի կողմից նախատեսվում է տրամադրել 102,760.0 հազար դրամ՝ առկա և առցանց ձևաչափերով անցկացվող դասընթացներում ապահովելով առնվազն ևս 900 մասնակցի ներգրավվածություն։ Ավելին, համագործակցության արդյունքում «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակը կընդլայնվի՝ ԲՏԱՆ կողմից պլանավորված դասընթացներից բացի, ներառելով նաև այլ գործընթացների իրականացումը։ Մասնավորապես՝ թվային և ԱԲ գրագիտության ուսուցման սկզբունքների համատեղ նախագծման համար քաղաքականությունների մասնակցային մշակման գործիքակազմի ստեղծում՝ ներգրավելով միջազգային փորձագետների և հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա:
Աշխատանքի արդյունքում մասնակիցները համատեղ կստեղծեն խոցելի խմբերի համար նախատեսված թվային և ԱԲ գրագիտության, ինչպես նաև կիբեռանվտանգության ուսուցման ուղեցույցներ և հիմնարար սկզբունքներ՝ ապահովելով դրանց ներառականությունը, մատչելիությունը և գործնական կիրառելիությունը։ Մշակված ուսուցման ուղեցույցները և հիմնարար սկզբունքները կդրվեն մասսայական ուսուցման դասընթացների հիմքում: Նախատեսվում է ԱԲ գրագիտության առկա/հիբրիդ և առցանց դասընթացի մշակում և փորձարկում, մասսայական կրթության համակարգային մեխանիզմի փորձարկում, բաղադրիչների մոնիթորինգ, գնահատում և ուսանում, ԱԲ գրագիտության և մշակույթի տարածման արշավների անցկացում։ Համագործակցության շրջանակում մշակված առկա և առցանց ուսումնական ծրագրերի հիման վրա կանցկացվեն դասընթացներ առնվազն 1700 մասնակցի համար։ ԱԲ գրագիտության և մշակույթի տարածման արշավները կնպաստեն Հայաստանում ԱԲ-ի պատասխանատու և արդյունավետ կիրառման խթանմանը, իսկ իրականացված դասընթացների արդյունքների հիման վրա կմշակվի մասսայական կրթության համակարգային մեխանիզմ։


