Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես կատարեցի իմ ընտրությունը հանուն խաղաղության, հանուն ինքնիշխան, զարգացող Հայաստանի և տեր կանգնեցի խաղաղությանը։ Այս մասին այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարծում եմ բարձր մասնակցություն կլինի, մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով։ Մեր ժողովուրդը շատ իմաստուն է և բոլոր նրբությունները, մարտահրավերները շատ լավ գիտակցում է»,-ասաց նա։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ավելի քան վստահ է, որ կհավաքեն անհրաժեշտ մեծամասնությունը և առանց կոալիցիայի կձևավորեն կառավարություն։
«Այս ընտրություններում ՀՀ ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի խաղաղությանը և ցույց կտա, որ կիսում է այդ օրակարգ։ Խաղաղությունը բերում է ամուր ինքնիշխանություն, տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և այս առումով բեկումնային կլինի»,-ասաց նա։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ թեև իրավական առումով մարդ, եթե ՀՀ քաղաքացի է, կարող է Հայաստան գալ մի քանի ժամով քվեարկել և գնալ, սակայն քաղաքական առումով նորմալ չի, անպատասխանատվության, բոլորի վրա թքած ունենալու դրսևորում է և առհասարակ չի կարող այդ մարդուն հասկանալ։
ԱԳ նախարարը իր մասնավոր կարծիքը հայտնեց, որ քաղաքացիությունից բացի մշտական բնակության ռեզիդենտության ցենզ էլ արժի մտցնել, որ օրինակ մարդիկ, պայմանական թվերով ասած, վերջին երեք ամսում պարտադիր բնակված լինեն Հայաստանում, որպեսզի կարողանան քվեարկել։
«Տեսնում ենք, որ քաղաքացիություն ունեցող մարդիկ կարող են ինը տարի ապրել որևէ օտար երկրում և հետո մի քանի ժամով գալ ու որոշել մեր բոլորի ապագան ու գնալ։ Նրանք, ովքեր մտածում են «переворот»-ի մասին, հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել։ Հազար անգամ ասվել է ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու, իրենք էլ տարիներով, ով կհանդգնի մարտահրավեր նետել ՀՀ-ին, պետականությանը, ինքնիշխանությանը, Սահմանադրական կարգին, տարիներով կփտեն բանտերում»,-ասաց նա։


