Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային այցով շրջել է Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում։ Այդ մասին տեղեկանում ենք Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջից:
«Տեղում ծանոթացել եմ պահեստներում մաքսային հսկողության կազմակերպմանը, մաքսային աշխատակիցների աշխատանքային պայմաններին և վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքներին։
.jpg)
Բարեփոխումների արդյունքում զգալիորեն փոխվել է ժամանակավոր պահպանման պահեստների աշխատանքը․ ներդրվել են ժամանակակից տեսահսկման և տեխնիկական լուծումներ, բարելավվել են ենթակառուցվածքները, որոնք նպաստում են մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ապրանքների անվտանգ պահպանությանը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ավելի որակյալ ու կանխատեսելի ծառայությունների մատուցմանը։
.jpg)
Միաժամանակ, դեռ անելիքներ կան պահեստների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել պահեստներում առկա որևէ մաքսային ընթացակարգով չձևակերպված և արգելապահված ապրանքների խնդրին․ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով արագացնել պահեստներից հին ապրանքների բեռնաթափման գործընթացը։
Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ մաքսային ենթակառուցվածքներ, որտեղ յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում է միջազգային չափանիշներին և օրենքի պահանջներին համապատասխան»,- նշված է գրառման մեջ։


