Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ, ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի համապատասխան հարցադրումներին:
«Կինս հինգ տարի շարունակ աշխատել է «Հայփոստ» ընկերությունում և եղել է վարչության ղեկավար: Այսինքն իմ կինը չի նշանակվել «Հայփոստ» ընկերությունում ուրիշ տեղից գալով: Հետո եղել է մրցույթ և իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն մրցութային խորհրդի կողմից, որտեղ ես չկամ»,-պարզաբանեց Կոնջորյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում եղել են «Հայփոստի» ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան թե այսօր ստանում է «Հայփոստի» տնօրենը:
Նա նաև ընդգծեց, որ «Հայփոստ»-ը երբեք մասնավոր ընկերություն չի եղել և հանդիսացել է Հավատարմագրային կառավարման հանձնված ընկերություն:
«Այն ինքնաֆինանսավորվող կառույց է, ինչը նշանակում է, որ պետական բյուջեից «Հայփոստի» տնօրենը երբեք աշխատավարձ չի ստացել»,-ասել է Կոնջորյանը:


