Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մի պահ տպավորություն ունեցա, որ 9-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ մի առավելություն ունի և դա տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է, ձեզ շատ է սազում»,-ԱԺ նիստում այսպես սկսեց իր ելույթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ նախորդ գումարման ժամանակ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան» դաշինքը չօգտվեցին խորհուրդներից. «Հիմա, երբ հարցնում եք պարոն Ռուբինյանին՝ արդյոք նա թուրք տեսել է, թե՝ ոչ, լավ կլինի նախապես ստուգեք արդյոք ձեր խմբակցության կազմում կան մարդիկ, ովքեր շփվել են օրինակ՝ ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ, որովհետև պարզվում է՝ կա ու երբ պարզվում է, որ կա՝ հանրության և ձեզ ընտրողների աչքում դա երբեք լավ բան չի նշանակում: Որքան հասկանում եմ՝ ձեր բազմաքայլ կոմբինացիայի վերջնանպատակը պետք է լիներ այն, որ բերեիք հասցնեիք նրան, որ կարող է պարոն Ռուբինյանը շփվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, դա էլ ձեզ լավ տեղ չի տանում, ձեր քաղաքական թիմի առաջնորդի անձնագրային գործում է օտարերկրյա հատուկ ծառայության անուն գրված, դա ձեզ փակուղի է տանում»:
Անդրադառնալով ընդդիմության ելույթներին՝ Ալեքսանյանն ասաց. «Տիկին Խամոյանն ասում է՝ պարոն Ռուբինյան, ձեր հորը կալանավորել էին, բայց հիմա էլ են մարդկանց կալանավորել, տարբերությունն այն է, որ պարոն Ռուբինյանի հորը և Մարտի 1-ի գործով ձերբակալաված ու կալանավորված, դատապարտված մարդիկ անմեղ էին: Այդ մարդիկ ծեծվել էին հերիք չի, նրանց ընկերնեը սպանվել էին Երևանի փողոցներում: Ձեր նախկին թիմակիցը՝ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, այս ամեն ինչից ելնելով դուք իրո՞ք ուզում եք, որ մենք շարունակենք հատուկ ծառայությունների ու մնացածի մասին խոսակցությունները: 2018 թվականից հետո Արամ Վարդևանյանը տարեկան 40 միլիոն դրամ միայն «Տաշիր գրուպ»-ից է ստանում, մինչև 2018 թվականը նա չէր ստանա այդքան գումար, որովհետև փաստաբանությունն այդքան չէր գնահատվում: Մենք ստեղծել ենք այնպիսի արդարադատության համակարգ, որն աշխատում է, որի շնորհիվ փաստաբանները՝ հանձինս պարոն Վարդևանյանի, նմանատիպ աշխատավարձ են ստանում»:
Խոսելով Ռուբինյանի ԱԺ նախագահի թեկնածու լինելու մասին՝ պատգամավորը նշեց. «Պարոն Ռուբեն Ռուբինյանն առավել քան արժանի թեկնածու է, նրա պարկեշտությունը, ազնվությունը պետք է գնահատվի»:


