PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան Zarkerak - PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան
Zarkerak Zarkerak - PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան
PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան

PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության այսօրվա նիստում ծավալված քննարկման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է PISA միջազգային հետազոտության արդյունքներին՝ ընդգծելով, որ դրանցում արձանագրված խնդիրները կրթական համակարգում վաղուց են ախտորոշվել, և վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց դրանց լուծմանը։

Նախարարի խոսքով՝ PISA հետազոտությանը մասնակցելը ՀՀ Կառավարության որոշումն է, որի նպատակն է ունենալ միջազգային համադրելի տվյալներ, դրանց հիման վրա ճիշտ ախտորոշել կրթական համակարգի խնդիրները և հստակեցնել հետագա անելիքները։

PISA-ի այս շրջափուլին մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում հետազոտությունն անցկացվել է 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին՝ ընդգրկելով 295 դպրոցի շուրջ 7000՝ 15 տարեկան սովորողների։ Մասնակիցների 88 տոկոսը հետազոտության անցկացման պահին եղել է 10-րդ դասարանի աշակերտ, որոնց ուսումնառությունը  հին չափորոշչով է կազմակերպվել։

«PISA-ն գնահատում է ոչ միայն սովորողների տարրական գիտելիքները, օրինակ՝ տառաճանաչությունը կամ թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողությունը, այլ նաև այն, թե սովորողը որքանով է կարողանում իր ունեցած գիտելիքները կիրառել կյանքի տարբեր իրավիճակներում։ PISA-ի արդյունքներն այս առումով նաև հաստատում են, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրով և ՀՀ կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագրով նախաձեռնված քայլերն ուղղված են ճիշտ ախտորոշված խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարը՝ թվարկելով իրականացվող աշխատանքները։

Նա, մասնավորապես, նշել է դպրոցներում լաբորատոր պայմանների ստեղծումը, նոր դպրոցների կառուցումը, բնագիտական առարկաների ուսուցիչների խրախուսման մեխանիզմները և ուսուցիչների պակասի կրճատմանն ուղղված քաղաքականությունը։

2023 թվականի համեմատ՝ ուսուցիչների պակասը շուրջ կիսով չափ կրճատվել է․ վերջին երկու ուսումնական տարում դպրոց է մուտք գործել շուրջ 4000 նոր ուսուցիչ, որոնց 80 տոկոսը մինչև 45 տարեկան է, իսկ կեսից ավելին աշխատում է գյուղական դպրոցներում։

2023 թվականից ներդրվել է նաև բնագիտական առարկաների և մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճարի համակարգը։ Դպրոցների 86 տոկոսն արդեն ունի լաբորատորիաներ, իսկ մինչև տարեվերջ կապահովվի բոլոր դպրոցների համապատասխան հագեցվածությունը։

Նախարարի գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են, որ ուսուցչի աշխատանքի պայմանների և վարձատրության համակարգի բարելավման պետական քաղաքականությունն արդեն որոշակի արդյունքներ է տալիս, և մասնագիտությունն ավելի գրավիչ է դարձել․ «Այս պահին, նույն այս հետազոտության տվյալներով, մեր երկրում ուսուցչի պակասը էապես ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների շրջանում, և մեր քաղաքականություններն արդեն արդյունք են տալիս»։

Նախարարը հիշեցրել է նաև, որ բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձանց համար ստեղծվել է դպրոցում աշխատանքի անցնելու լրացուցիչ հնարավորություն։

«Այստեղ ևս բավական մեծ հետաքրքրություն ունենք. մի քանի հարյուր նոր ուսուցիչներ ներգրավել ենք հենց այս եղանակով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ներդրվել են մանկավարժության և հոգեբանության առանձին դասընթացներ, որոնց ավարտից և համապատասխան կրեդիտներ ստանալուց հետո այս մասնագետները կարող են դասավանդել դպրոցներում։

«Բոլոր ուղղություններով մեր իրականացրած աշխատանքները, վստահ եմ, թույլ են տալու, որ PISA միջազգային հետազոտության հաջորդ ստուգատեսին, որը 2029 թվականին  է լինելու, մեր դպրոցներում այլ արդյունքներ տեսնենք։ Բայց շատ կարևոր է նաև, որ առկա խնդիրները ճիշտ ախտորոշվեն, և եթե մեր հետագա քայլերում ինչ-որ բան փոխելու կամ լավարկելու կարիք կա, ապա այդ ուղղությամբ էլ ուշադիր լինենք։ Իսկապես կարևոր է, որ քննարկումները մասնագիտական լինեն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև կլաստերային դպրոցներ հաճախող երեխաների փոխադրման և տրանսպորտային ապահովման հարցին։ Նշվել է, որ Կառավարությունն արդեն գործարկել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմը։

Նախարարի խոսքով՝ այն ծնողները, որոնք կորոշեն իրենց երեխաների կրթությունը կազմակերպել նորակառույց, վերանորոգված կամ հիմնանորոգված կլաստերային դպրոցներում, կարող են օգտվել տրանսպորտային փոխհատուցման հնարավորությունից։ Տրանսպորտային միջոցների հետ կապված մյուս որոշումները կհստակեցվեն առաջիկայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նշելով, որ պետության կողմից կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացվող ռազմավարական ծրագրերը նպատակ ունեն բարելավելու կրթության որակը՝ սկսած նոր ենթակառուցվածքների ստեղծումից և բարեկարգումից մինչև բովանդակային ծրագրերի վերանայում և փոփոխություն:

11 Սեպտեմբեր, 2026 13:12
Վեր