Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բոլորը ոտքի վրա խմել են ուսուցիչների կենացը, փառաբանել, մեծարել: Ինչի համար, որովհետև այդ ուսուցիչները իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար»: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությանը, որի համաձայն՝ հայաստանցի 15 տարեկան աշակերտները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից՝ տարածաշրջանում հետ մնալով Ադրբեջանից և Վրաստանից:
«Երբ ասում էինք կրթվելը նորաձև է, հարձակվում էին մեր վրա, ասում էին «բա էս ազգին անկիրթի տեղ են դրել»: Բա ձեզ թվում է, թե կառավարությունը կրթական ոլորտի ծրագրերի համար 200 մլրդ դրամը տարել ջուրն է գցել:
Էտ որ ասում ենք մենք բոլորս կրթվելու կարիք ունենք, էտ ով է մեզ ծաղրում, ասում՝ «դուք զրո դասարանցի եք»: Բա դուք ե՞ք ակադեմիկոսները, դրա համար էլ ամենքդ ակադեմիկոս միլիարդատերեր եք: Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ինչ եք ուզում բա: Ձեզ թվում է այդ ամենը անհետևա՞նք է անցնելու: Այս ի՞նչ աղմուկ աղաղակ է: Փոխանակ «սելը ճռռա, սելվորն է ճռռո՞ւմ»:
Այո, այդ գրագիտության պակասը ամեն օր տեսնում ենք: Այո, մենք գլոբալ գրագիտության պակաս ունենք: Մենք գլոբալ գրագիտության պակաս ունենք, իմանալու համար թե ինչ է պետությունը, ինչ է հասարակությունը, ինչ է միջազգային հարաբերությունները, ինչ է տնտեսությունը, ինչ է մշակույթը»,-ասաց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ նույն վատ մակարդակը կարող է նկատվել, եթե կատարվի հանրային թեստավորում:
«Հետո գնում ասում ենք՝ բա բանակում ինչի է այսպես: Անգրագիտության պատճառով: Մենք պետք է առերեսվենք»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ չորս դիպլոմ ունենալը դեռևս չի նշանակում գրագիտության պատշաճ մակարդակ, իսկ Հայաստանում տասնյակ տարիներ դիպլոմները վաճառվել են:
«Դաշնակցականներն ու հանրապետակնները տասնյակ տարիներով դպրոցները սարքել են ընտրակեղծարարության պլատֆորմ և Հայաստանում կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարիներ: Մինչև այսօր մենք խնդիրներ ունենք դպրոցներում: Մինչև այսօր դպրոցներում ուսուցիչներ կան տգիտություն են դասավանդում դպրոցներում: Լավ է, որ այս թեման կա: Այո, մենք պետք է առերսվենք սրա հետ: Ես ընտրություններից հետո նախարարի առաջ խնդիր եմ դրել, ասել եմ՝ այդ մասսային պետք է հեռացնել դպրոցներից»,-ասաց Փաշինյանը:


