Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ նման կուլտուրա լինի, որ նման հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով մեղավոր է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունների լարվածության պատճառներին. «Ինձ շատ երկար հարաբերությունների պատմություն է կապում պարոն Սարգսյանի հետ, ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակից, բայց նաև պետք է ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է: ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, դրանք հիմա օրինական ուժի մեջ մտած, դատավիճռներով են հաստատված, քրեական գործեր կան հարուցված: Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեությա մեջ, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով՝ որպես արտոնյալ ՀՀ-ում, շրջել է, իր օգնականը վարորդական իրավունք չունենալով շրջել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ այդ փաստերը չեն արձանագրվել, դրա հետ կապված քրեական գործ է հարուցվում, մեղադրյալներ կան, Ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ:
Կազինոների հետ կապված օրակարգն իմ օրակարգն է: Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկել, մյուս կողմից զանգել են այդ ոլորտի մարդկանց, թե եկեք բանակցենք, տեսնենք, ինչ ենք անում այս հարցերը: Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը: Այդ հայտարարությունն անողն ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ իմ անունը շահարկելով: Գուցե մեր մեղքն է, որ մենք ժամանակին ամեն փաստը չենք թմբկահարել սոցիալական ցանցերով»:


