Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր դիրքորոշումն այն է, որ Արարատ խոշորացված համայնքի մեջ Տիգրանաշեն բանակավայր եղել է և կլինի, բայց թե ինչ սահմաններում ու որտեղ՝ կոնկրետ դա արդեն ամբողջովի այլ հարց է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ընդդմությունը օրակարգային դարձրել Տրգրանաշեն բնակավայրի շուրջ խոսույթը, և թե ինչու են այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ուղևորվել Տիգրանաշեն, վարչապետը նշեց. «Ես կրկնում եմ, որ խոսում եմ Քյարքիի մասին, ոչ թե Տիգրանաշենի: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,743 հազար կմ քառակուսի տարածքի մեջ Քյարքին և մյուս անկլավները չեն մտել, այլ մտել է Արծվաշենը»:
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունը անկլավի չհանձնելու մասին իր խոսույթով պատերազմ է հրահրում:
Հիշեցնելով, որ անկլավների վրաբերյալ չկա, չի եղել որևէ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ՝ վարչապետը նշեց, որ իր հիմնական խնդիրը նյարդը հանելն է այս հարցից, որպեսզի դրական լուծումներ գտնվեն այս ուղղությամբ:
«Բայց էլի եմ ասում, եթե որևէ մեկը ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է Հայաստանի տարածքը 29,743 հազար կմ քառակուսի չէ, այլ 29,750 հազար կմ է, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ հանրությունն ունի ընտրություն կատարելու հնարավորություն և ցանկացած պահի կարող է գնալ «պատերազմի եռագլուխ կուսակցության» հետևից:
«Բայց ես թույլ չեմ տալու, որ 2019-2020 թվի սցենար լինի, որ ասեն, թե «բա ինչո՞ւ չէիր ասում, ինչո՞ւ այս մի բանի մասին չէիր ասում»: Հիմա՛ ասում եմ: Դա էլ եմ ուզում պարզաբանել, որ փաստի արձանագրումը ուրիշ բան է, արդեն գետնի վրա լուծումը այլ բան է: Բազմիցս եմ ասել, եթե այս հարցը չկա, ապա ինչո՞ւ եմ սրա մասին խոսում: Խոսում եմ նախապես, որովհետև տեսնում եմ, որ դա մի կետ է, որի շուրջ կարող են էսկալացիա ձևավորել, անում եմ, որ չկարողանան: Ձեր ասած մարդիկ իրենց գործողություններով ապացուցում են իմ ասածը»,-ասաց վարչապետը:


