Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի արդարադատության ոլորտի կառույցների, միջազգային գործընկերների և ԵՄ տեխնիկական աջակցության թիմի հետ այսօր մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության Ֆեյսբուքի էջից:
«2024 թվականի մայիսից մինչև 2026 թվականի մայիսն իրականացված ծրագրի շրջանակում անցկացվել է 37 դասընթաց և աշխատաժողով՝ ընդգրկելով արդարադատության ոլորտի ավելի քան 1200 մասնագետի և շահագրգիռ կողմի։ Մշակվել է նաև ավելի քան 33 վերլուծական և տեղեկատվական նյութ՝ փաստահեն քաղաքականության մշակմանը և ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելու նպատակով։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաև միջազգային ուսումնական 7 այց, անցկացվել են ԵՄ–Հայաստան արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության երկու հանդիպում և դոնորների համակարգման հանդիպում։ Այս աշխատանքները նպաստել են մասնագիտական կարողությունների զարգացմանը, քաղաքականության շուրջ երկխոսության խորացմանը և Հայաստանի ու եվրոպական գործընկերների միջև համագործակցության ամրապնդմանը։
Այս արդյունքները կարևոր հիմք են առավել արդյունավետ, հաշվետու և քաղաքացու կարիքների վրա հիմնված արդարադատության համակարգի շարունակական զարգացման համար։
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի բարեփոխումներին աջակցելուն, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների խթանմանը և հիմնարար իրավունքների պաշտպանության առաջմղմանը։
Մեր գործընկերությունը շարունակվում է նաև այս ծրագրից անդին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

