Միրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ» Zarkerak - Միրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»
Zarkerak Zarkerak - Միրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»
Միրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»

Միրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

Նախարար Միրզոյան. «2009թ. իր հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության հիմքում ընկած է եղել այն մոտեցումը, որ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումները կամ առաջնահերթությունները։

Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են արձանագրել, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևողական իրականացման միջոցով։ Մեր գործընկերությունն առավել հավակնոտ բնույթ ստացավ 2025թ. դեկտեմբերին, երբ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը՝ ընդլայնելով համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ անվտանգության և դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկայի, շարժունակության և ոլորտային ինտեգրման ուղղություններով։

 

Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեր վտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։

Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։

Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել ԹՐԻՓՓ նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

 

Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին»։

13 Հոկտեմբեր, 2026 21:49
Վեր