Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարծում եմ, որ մենք պետք է ստորագրենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, վավերացնենք և անցնենք առաջ, Հայաստանի համար իսկապես նոր դարաշրջան բացենք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացումով զիջումներ կատարում Ադրբեջանին, երբ դեռ երկրների միջև առկա են բազմաթիվ խնդիրներ:
«Ասում եք հերթական անգամ ուզում եք կատարել Ադրբեջանի պահանջը և հերթական զիջումն եք կատարում: Կարող եք պարզ ասել, ո՞րն է հիմա Ադրբեջանի պահանջը, որը մենք կատարում ենք ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացումով և հերթական զիջում ասելով ի՞նչ ի նկատի ունեք»,-հարցրեց Միրզոյանը:
ԱԳՄԱ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի շահը ենթադրում է օր առաջ ունենալ ապրանքների տեղաշարժ օրինակ՝ դեպի Չինաստան և հայկական ապրանքների ստացում օրինակ՝ Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից նաև Ադրբեջանից:
«Սա մեր շահն է, որևէ «X» երրորդ երկիր շահ չունի այլ երկրների առևտրային հարաբերություններից: Հետևաբար մենք իրոք ուզում ենք: Ենթադրում եմ, վստահ եմ, որ Ադրբեջանը ևս շահ ունի այդ ենթակառուցվածքների գործարկման մեջ: Սակայն մեկ է, ես չեմ ինչու եք անընդհատ ասում, որ Ադրբեջանը շահում է, մենք տուժում ենք, Ադրբեջանը պահանջում է, մենք զիջում ենք: Հենց այս կոնկրետ իրավիճակում, բացի այդ պաթոսախառն ու լալահառաչ հայրենասիրական տեքստերից, չոր, իրականության մեջ Կառավարությունը բերել է համաձայնագիր, որտեղ է այստեղ Ադրբեջանի պահանջը, որտեղ է Ադրբեջանը շահում, իսկ մենք տուժում: Ինձ գոնե այդպիսի բան տեսանելի չէ»,-ասաց նախարարը:
Միրզոյանն ընդգծեց, որ մինչ ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացումը և հարակից կարգավորումները, Ադրբեջանն արդեն իր տարածքը բացել է Հայաստան տեղափոխվող բեռների համար:
«Մինչև հարավում կառուցվող երկաթուղին, որով Ադրբեջանը բեռներ կուղարկի Նախիջևան, Հայաստանն արդեն Ադրբեջանի տարածքով ապրանք է ստանում և ուղարկում: Հիմա սրանում որն է Ադրբեջանի պահանջը»,-ասաց Միրզոյանը:
ԱԳՄԱ նախարարը չհերքելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան չկարգավորված հարցեր՝ նշեց, որ տևական ժամանակ թշնամական տրամադրված երկրների միջև խաղաղությունը մի օրում կամ մի ժամում ամբողջականորեն հաստատել հնարավոր չէ, քանի որ իրավապայմանագրային հարցերը կարգավորելուց զատ կա նաև հասարակությունների ընկալման մակարդակ:
«Ադրբեջանը ասում է այո, ես նախաստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, սակայն պատրաստ չեմ ստորագրել վերջնական համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունը այսպիսին է: Մենք ասում ենք, որ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա: Այն, ինչ որ դուք մտածում եք, որ մտահոգիչ է, այդ մտահոգությունները փարատելու ամենակարճ ճանապարհը այս նախաստորագրված համաձայանգիրը ստորագրելն ու վավերացնելն է, որովհետև այս պայմանագրով բոլոր հարցերի պատասխանները տրվում են: Այսինքն՝ մենք չենք կիսում այս հարցում Ադրբեջանի մոտեցումը: Ադրբեջանն էլ ասում է ես էլ չեմ կիսում ձեր մոտեցումը: Այսպիսի պահանջ չկա: Չկա բան, որը բանակցվում է Հայաստանի կողմից Հայաստանի Սահմանադրության մասով»,-ասաց նախարարը:
Միրզոյանը հիշեցրեց, որ Երևանը պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության համաձայանգիրը, մինչդեռ Բաքուն խնդիրներ է տեսնում Սահմանադրության իր նշած համատեքստում:
ԱԳՄԱ նախարարը միևնույն ժամանակ չհերքեց, որ Ադրբեջանի կողմից երբեմն նկատվում են կոշտ խոսույթներ, որոնք իրենց ձևով չեն նպաստում խաղաղության խնամքին:


