Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեզ հայտնի չէ որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետությունները կարող են Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ: Բայց մենք կուսումնասիրենք, կարձագանքենք ցանկացած պարագայում»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցին:
«Անշուշտ մեր քաղաքացիների առևտուրը, տնտեսական շահերը, ՌԴ-ի հետ ավանդական կապերը, ԵԱՏՄ-ի հետ կապերը մեզ համար կարևոր են: Սակայն կա մի կարևոր բան, որը գերկարևոր է այս ամեն ինչից: Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, անկախությունն է: Հետևաբար մեր դիրքորոշումը պայմանավորված կլինի իմ այս նշած հանգամանքներով»,-ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ վերադառնալու հավանականության մասին հարցին՝ նախարարը նշեց. «Չեմ պատկերացնում՝ ինչպես ՀՀ-ն հետ կգնա ՀԱՊԿ»:
Պատասխանելով ընդդիմադիրների կողմից գազի գնի բարձրացման շուրջ մտահոգությունների մասին հարցին՝ Միրզոյանը նշեց. «Ընդդիմադիրները դրանով են ընդդիմադիր, որ անընդհատ ապոկալիպսիս գուշակեն: Անշուշտ վնասներ կլինեն, եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը, չգիտեմ դա որքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կլինի իրավիճակ՝ կհասկանանք»:


