Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իհարկե ձեր բերած օրինակը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը, ես էլ կարող եմ 10 հատ ասել, որ չնպաստի: Իհարկե այսպես վատ տեղ կհասնենք: ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, նպաստում է խաղաղության ամրապնդմանը:
«Հայաստանի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ խաղաղություն է կառուցում՝ հասկանալով, որ շատ բարդ է ու բազմաթիվ խոչընդոտներ կան, շատ ակոսներ կան: Մենք փորձում ենք խուսափել այդ ակոսներից, փորձում ենք խաղաղությունն ամրապնդել, խնամել, հոգ տանել խաղաղության մասին: Այդքան կարելի է արձագանքել: Կարելի է սուր բաներ ասել, հետո էլ ավելի սուր բան ստանալ, հետո նորից ավելի սուր բան ասել»,-ասաց Միրզոյանը:
Նա նաև ընդգծեց, որ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը չի կարող լինել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուն ուղղված ևս մեկ նախապայման:
«Վերքերը շատ թարմ են, հակամարտությունը նոր է ավարտվել, զոհեր ու արյուն է եղել այս կողմում, զոհեր ու արյուն է եղել այն կողմում: Ոչ մի կոնֆլիկտի մեջ մեղր չեն բաժանում: Հասարակությունները պետք է հաշտվեն: Ցավ այստեղ էլ կա այնտեղ էլ կա: Կարող ենք չափել, թե ում ցավն է ավելի շատ, դա էլ մի ուրիշ պատմություն է, բայց պետք է ավարտել այդ հակամարտությունը և մտնել խաղաղության փուլ»,-ասաց նախարարը:


