Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չուվաշիայի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ Միշա Գրիգորյանի «Խոր Վիրապ, Արարատ» կտավը (2024թ., 63/87), այսուհետ կցուցադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում:Նկարը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին փոխանցել է Չուվաշիայի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Հախվերդյանը:
Նա նշել է, որ թեպետ վարպետն ապրում և ստեղծագործում է հայրենիքից հեռու, սակայն հոգով կապված է հայրենիքի հետ:
«Այս կտավը հայ ժողովրդի կորսված տարածքների, մեր հոգևոր ժառանգության և այդ ժառանգությունը սրբորեն պահելու մասին է»,- ասել է Հախվերդյանը:
Նա նաև նշել է, որ 2026 թվականի դեկտեմբերին լրանում է Միշա Գրիգորյանի ծննդյան 80-ամյակը, ինչի առիթով նախատեսում են կազմակերպել վարպետի նկարների մեծ ցուցադրություն:
Եզրաս Սրբազանը օրհնության ու երախտագիտության խոսք է ասել նվիրատու Միշա Գրիգորյանին՝ մաղթելով ամենայն բարիք բարեպաշտ և հայրենասեր Գրիգորյան ընտանիքին:«Տապան» թանգարանը, որը գործում է եկեղեցական համալիրի բացումից ի վեր, ձևավորվել և հարստացել է ազնվասիրտ հայորդիների նվիրատվությունների շնորհիվ: Եզրաս Սրբազանի հոգածությամբ թանգարանն իր պատերի ներսում ամբարում է ազգային և եկեղեցական մշակույթի հին ու նոր բազում ստեղծագործություններ, որոնք պատմում են հայ ժողովրդի պատմության և ինքնության մասին: Ցուցադրվող նմուշները դիտողին տանում են դեպի հայրենիք, հայի արմատները, դարեդար կանգուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:


