Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
««Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ պետք չէ ԹՐԻՓՓ-ն իրագործել, քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բայց ես կարծում եմ, որ «Ուժեղ Հայաստան»-ի այս պնդումը գալիս է այն խորը թյուրընկալումից, որն ունի «Ուժեղ Հայաստան»-ը: Մեր հարգարժան գործընկերները համոզված են, որ ԹՐԻՓՓ-ը վատ բան է Հայաստանի համար»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նշեց, որ ԹՐԻՓՓ-ն ամենևին վատ բան չի մեզ համար. «Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը որևէ կախման մեջ դրված չի խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետ, ինչպես և շատ լավ է, որ օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացը նույնպես կախման մեջ դրված չի խաղաղության պայմանագրի ստորագրումից: Հիմա խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված կա խնդիր, Ադրբեջանն անում է պնդում և դրա հիման վրա հրաժարվում է հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք համաձայն չենք այդ պնդման հետ և ասում ենք՝ հենց հիմա պատրաստ ենք ստորագրել և այս համատեքստում շատ լավ է, որ խաղաղության մյուս կոմպոնենտները, որոնք արտահայտվում են գետնի վրա, դա ապաշրջափակումն է, սահմանազատումն ու սահմանագծումն է, երկկողմ առևտուրն է՝ կանգնած չեն»:
Ըստ Ռուբինյանի՝ մենք ԹՐԻՓՓ-ով Ադրբեջանին բան չենք տալիս, մենք ԹՐԻՓՓ-ով Ադրբեջանի համար բացում ենք սահմանը նույն այն կերպ, ինչպես բացում ենք մեզ համար. «ԹՐԻՓՓ-ի իրագործումը բխում է 2025 թվականի օգոտսոսի 8-ի հռչակագրից, որը ֆիքսում է՝ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվում են, դրանից բխող իրագործվում է հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ նախագիծը, դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ: Երբ կլիներ ԹՐԻՓՓ-ը վատ բան, եթե օրինակ՝ ԹՐԻՓՓ-ը լիներ մի բան, որը կլիներ նույնական նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրված մեկնաբանության հետ»:


