Ծնողների իրավունքները պետք է սահմանափակել, ուղարկել հոգեբանի մոտ, քարսիթ ունեցողների թիվը  5%- է. Խաչատուրովը՝ քարսիթ չունենալու վտանգների մասին Zarkerak - Ծնողների իրավունքները պետք է սահմանափակել, ուղարկել հոգեբանի մոտ, քարսիթ ունեցողների թիվը 5%- է. Խաչատուրովը՝ քարսիթ չունենալու վտանգների մասին
Zarkerak Zarkerak - Ծնողների իրավունքները պետք է սահմանափակել, ուղարկել հոգեբանի մոտ, քարսիթ ունեցողների թիվը 5%- է. Խաչատուրովը՝ քարսիթ չունենալու վտանգների մասին
Ծնողների իրավունքները պետք է սահմանափակել, ուղարկել հոգեբանի մոտ, քարսիթ ունեցողների թիվը  5%- է. Խաչատուրովը՝ քարսիթ չունենալու վտանգների մասին

Ծնողների իրավունքները պետք է սահմանափակել, ուղարկել հոգեբանի մոտ, քարսիթ ունեցողների թիվը 5%- է. Խաչատուրովը՝ քարսիթ չունենալու վտանգների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ քարսիթի առկայությունը միանշանակ կարող էր կասեցնել երեխային հասնող հարվածի ծանրությունը: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած վթարին, որի արդյունքում զոհվել էին վարորդը, կինը և հինգ երեխաներից մեկը:

Խաչատուրովն ընդգծեց, որ վթարի ժամանակ ամենավտանգավորը հարվածի պահն է, երբ մարդն անսպասելի շպրտվում է մեքենայի մեջ, որին երբ գումարվում է ամրակապված չլինելու կամ երեխայի դեպքում քարսիթի բացակայության հանգամանքը այն կարող է իսկապես մահաբեր դառնալ:

Փորձագետն ընդգծեց, որ քարսիթից մի փոքր ավելի անվտանգություն է ապահովում, ծնողի կողմից երեխային գրկելը և հետևի հատվածում նստելը:  

Պատասխանելով հարցին թե, արդյո՞ք Հայաստանում կա քարսիթ ունենալու մշակույթը, Խաչատուրովը նշեց. «Այն աստիճանի չկա, երեխաները ազատությանն են սովոր և քարսիթ նստեցնելուց կդիմադրեն, կլացեն, կգոռան: Սակայն, եթե երեխաներին սովորեցնեն ու մեծացնեն քարսիթ նստելով այլ պատկեր կունենանք: Բացի այս այդ երեխաներն էլ, որ մեծանան հասկանալու են, որ նույն ձև պետք է վարվեն, իսկ երթևեկությունը մշակույթ է, որտեղ հստակ կանոնները պետք է պահվեն»:

Փորձագետի խոսքով՝ քարսիթի մշակույթի բացակայության մասին է խոսում նաև այն, որ շատ ժամանակ կարելի է երեխաներին տեսնել երթևեկության ընթացքում մեքենայի դիմացի նստարանին նստած՝ հայրիկի կամ մայրիկի կողքին, պատուհանից կախված կամ դիմապակուն բավականին մոտ, ինչը ոչ միայն տհաճ այլ նաև բավականին վտանգավոր երևույթ է: 

«Սա վթարների վիճակագրության համատեքստում դիտարկելիս, բավականին վտանգավոր է դառնում: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր մեքենա երկու տարին վթարի մեջ է ընկնում, սա սարսափելի մեծ թիվ է: Ավելի վաղ յոթ կամ տաս տարին մեկ կարող էին մեքենաները հայտնվել վթարի մեջ, մինչդեռ հիմա պատկերն այլ է: Հետևաբար ռիսկը մեծ է, որ վթարի ժամանակ երեխաները կտուժեն հենց ամենաանկանխատեսելի տեղում»,-ասաց Խաչատուրովը՝ հավելելով, որ անհամար են դեպքերը, երբ երեխաները մահացել են, իսկ ծնողները ողջ մնացել:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ խստացումներ են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում քարսիթի կիրառումը ունենա էլ ավելի լայն կիրառում փորձագետը նշեց, որ իր գնահատմամբ բացի տուգանքներից լավագույն տարբերակներից կարող է լինել ծնողական իրավունքների սահմանափակումը, որը մի քանի անգամ կիրառելու դեպքում կտա ցանկալի արդյունքները:

«Եթե ցանկություն լինի արատավոր երևույթների դեմ պայքարելու, ինչպես օրինակ՝ եղավ առանց պետհամարանիշեր վարելու կամ մգեցված ապակիներով երթևեկելու պարագայում, ապա բավականին կարճ ժամանակամիջոցում հնարավոր է ցանկալի արդյունքի հասնել: Սա բնականաբար հնարավոր է վարչարարության ու խստացման արդյունքում: Եթե հիմա քարսիթերի պարագայում սա գործադրվի վստահաբար կունենանք ցանկալի արդյունք և այն կարող է դառնալ մշակույթի մի մաս: Սակայն կան նաև դեպքեր, երբ տուգանքը չի փրկում ու չի արդարացնում: Երեխաներին այդպես անփույթ ձևով տեղափոխող ծնողներին, իրավունքները սահմանափակելուց հետո, պետք է ուղարկել նաև հոգեբանի մոտ դասընթացների»,-ասաց նա:  

Խաչատուրովը հիշեցրեց, որ պարեկային ծառայությունը քարսիթներ ունենալու հարցով վերջին շրջանում խստացրել է հսկողությունը տաքսիների համար:

«Այժմ դժգոհություն կա տաքսու վարորդների կողմից, թե ի՞նչ պետք է անեն երկու կամ ավել երեխաների դեպքում, երբ մեքենան մեկ քարսիթ ունենալուց բացի ավել չի կարող ունենալ: Կարծում եմ սա պետք է կարգավորվի, մասնավորապես իրավական և տաքսի ծառայությունների շրջանակներում, որպեսզի երկու կամ ավել երեխաների դեպքում «Մինի վեն» պատվիրեն: Ամեն դեպքում մի օր պետք է գանք հասնենք այն կետին, որպեսզի քննարկման դրվի երեխաներին ապահով տեղափոխելու հարցը և դրա հետ կապված լուծումներ մշակվեն: Հիմա տուգանքի խստացումը այնքան սարսափելի չէ, որքան սարսափելի էր, որ նախկինում ոստիկանությունը անտեսում էր այս հարցերը և աչք փակում: Հիմա լավ է գոնե սրանց ուշադրություն դարձնում են»,-ասաց Խաչատուրովը:

Փորձագետն ընդգծեց, որ երեխաների անվտանգության ապահովումը առաջին հերթին ծնողի, հետո արդեն պետության խնդիրն է, որն արդեն ընդհանուր անվտանգային խնդիր է:

«Կա ընդհանուր քաղաքակիրթ ճանապարհ, որով գնում ենք, կամ երկրորդը՝ շարունակում ամբողջ ընտանիքով մեքենայի դիմացը նստել, ինչը բավականին ցածր մշակույթ է»,-ասաց Խաչատուրովը:  

Խաչատուրովի խոսքով՝ հարցումները ցույց են տալիս, որ քարսիթ ունենալու հետ կապված արդյունքները բավականին վատ են: Ըստ իր ունեցած տվյալների՝ հարցումների համաձայն 100 երեխայի կտրվածքով առնվազն հինգի դեպքում է կիրառվում քարսիթ:

«Ընդհանուր առմամբ՝ քարսիթ ունեցողների թիվը հազիվ հասնում է 5%-ի: Երեխաների մասնակցությամբ վթարների դեպքում վատ հետևանքներով ավարտվելու տոկոսը շատ մեծ է: Այսինքն երեխաների մասով վթարի ժամանակ վնասվածքներ ու կոտրվածքներ չստանալու կամ ողջ մնալու հավանականությունը շատ ցածր է»,-ասաց փորձագետը:

Նրա գնահատմամբ՝ քարսիթի գները մոտավորապես տատանվում են 25,000-ից մինչև 360,000 կամ ավել դրամի միջև`կախված ապրանքանիշից, երեխայի տարիքային խմբից: Սակայն անկախ  գնից, ցանկացած քարսիթ էլ բավարար կապահովի երեխայի անվտանգությունը՝ քանի որ այս դեպքում հարմարանքն է ու երեխայի ճիշտ կապված լինելը:  

«Շատ միայնակ ծնողներ կան, հատկապես մայրիկներ, որոնք մեքենան վարելուց կիրառում են քարսիթներ: Հաճախ նման դեպքերում նկատվում է, որ քարսիթը դրվում է դիմացի նստարանին՝ մեջքով դեպի դիմապակին: Սակայն սա էլ պետք է ֆիքսենք, որ թույլատրվում է, երբ որ անվտանգության բարձիկները անջատվում են, քանի որ անվտանգության բարձիկը միացրած լինելու դեպքում այն դառնում է բավականին վտանգավոր վթարի ժամանակ և նույնիսկ մահաբեր»,-ասաց Խաչատուրովը:

Փորձագետի գնահատմամբ ոստիկանությունն էլ տեղեկատվության ապահովման առումով մեծ անելիք ունի:

«Շատ հաճախ ներկայացնում են քարսիթ չկրելու բացահայտված դեպքերը և տուգանքները, սակայն չեն հստակեցնում, թե ինչ են անում այն դեպքերում, երբ տուգանում են մեքենայի մեջ առանց քարսիթ երեխա տեղափոխող միայնակ ծնողին, ով մեքենան է վարում: Հարց է, ինչ են անում հետո՞, բաց են թողնո՞ւմ, որ շարունակի երեխայի տեղափոխել առանց քարսիթի»,-հարցնում է փորձագետը:  

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյո՞ք քարսիթ ունենալու տարածվածությանը խոչընդոտել նաև ծնողի ֆինանսական կարողությունը, փորձագետը նշեց. «Քարսիթ չկիրառելը առաջին հերթին իրավագիտակցության և անվտանգության ապահովման կանոնների գիտակցության խնդիր է: Շատ են դեպքերը, երբ մարզերից մարդիկ խորհրդային տարիների մեքենաներով երեք ու ավելի երեխաներ են տեղափոխում: Կարող է պատճառների շարքում լինել նաև ֆինանսական անկարողությունը առավելի համապատասխան մեքենա ունենալու կամ քարսիթ ունենալու համար: Քաղաքացու ֆինանսական անկարողության դեպքում կարծում եմ պետք է սոցիալական ծրագրեր կիրառվեն, պետք է, որ պետությունը սուբսիդավորի, որովհետև որոշ ընտանիքների համար իսկապես դա թանկ հաճույք է, առավել ևս, երբ երկու քարսիթ տեղադրելու անհրաժեշտություն է լինում, որը Հայաստանում պետք է կիրառել մինչև 12 տարեկան»:

27 Հոկտեմբեր, 2026 16:24
Վեր