Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է «Կապույտ գոտում» անցկացված Կանանց համաժողովին։
Համաժողովին ներկա են եղել նաև Միացյալ Թագավորության Բնության պահպանության հարցերով միացյալ կոմիտեի (JNCC) գործադիր տնօրեն Ջեմմա Հարփերը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց խմբի խորհրդի անդամ Ռութ Սփենսերը, պաշտոնատար այլ անձինք։
Իր ելույթում նախարար Թորոսյանն ընդգծել է գենդերային հավասարության և կենսաբազմազանության պահպանության միջև կապի կարևորությունը՝ նշելով, որ դրանց համատեղ առաջմղումն էական դեր ունի կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության ապահովման գործում։
Նախարարը նաև շեշտել է կանանց լիարժեք, հավասար և արդյունավետ մասնակցության ապահովման անհրաժեշտությունը կենսաբազմազանության կորստի, կլիմայի փոփոխության և սոցիալ-տնտեսական անհավասարությունների հաղթահարման գործում։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025–2028 թթ․ ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով սահմանված առաջնահերթություններին, մասնավորապես՝ առանձնացնելով 6-րդ գերակայությունը, որը հնարավորություն է տալիս համատեղ առաջ մղել գենդերային հավասարության և կենսաբազմազանության պահպանության օրակարգերը։
Համաժողովի ավարտից հետո նախարար Թորոսյանն այցելել է նաև COP17-ի «Կանաչ գոտի», որտեղ առանձին տաղավարով ներկայացված է նաև Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։ Նախարարը զրուցել է «Կանայք հանուն բնության» ՀԿ ներկայացուցիչների, ինչպես նաև ԱԲՆ Խարբերդի մասնագիտացված խնամքի կենտրոնի և Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, հետաքրքրվել ձեռագործ ցուցանմուշների և e-work.am հարթակի նկատմամբ այցելուների արձագանքներով։





