Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ. Դավիթ Ստեփանյանը՝ բրյուսելյան բանակցություններից հետո ծավալված քննարկումների մասին Zarkerak - Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ. Դավիթ Ստեփանյանը՝ բրյուսելյան բանակցություններից հետո ծավալված քննարկումների մասին
Zarkerak Zarkerak - Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ. Դավիթ Ստեփանյանը՝ բրյուսելյան բանակցություններից հետո ծավալված քննարկումների մասին
Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ. Դավիթ Ստեփանյանը՝ բրյուսելյան բանակցություններից հետո ծավալված քննարկումների մասին

Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ. Դավիթ Ստեփանյանը՝ բրյուսելյան բանակցություններից հետո ծավալված քննարկումների մասին

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի՝ 29 հազար 800 քառակուսի կմ և Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կմ համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Շառլ Միշելի այս հայտարարությունը հայ հանրության մեջ քննարկումների մեծ ալիք բարձրացրեց: Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ նոր բան այստեղ չի տեսնում. «Ի սկզբանե հայտնի էր, որ բրյուսելյան ձևաչափով բանակցություններում խոսքը գնում էր Ալմա-Աթայի հռչակագրի մասով կողմերի սահմանների ճանաչման մասին, վարչապետ Փաշինյանը բացահայտ այդ մասին ասաց առաջին իսկ օրվանից և Պրահայում էլ նույն գործընթացն էր գնում: Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ: Պարզ է, որ Հայաստանի համար կարմիր գիծ է 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, այս առումով Հայաստանը ձգտում է ապահովել այդքանն այսօր, որովհետև Ալիևն իր պահանջների սանդղակը չափից ավելի շատ էր վերև հանել և՛ անկլավների մասով, և՛ «Զանգեզուրի միջանցքի» մասով և սրանով իսկ, եթե Ալիևը համաձայնվում է այդ 1991 թվականի սահմաններին, սա կարելի է ինչ-որ առումով համարել ձեռքբերում: Ինչ վերաբերում է Արցախին, այստեղ էլ որևէ նոր բան չկա, ցավոք սրտի 2020 թվականի աղետից հետո մենք չենք կարողանում բարձրացնել Արցախի ինքնորոշման, անկախության հարցը, այս պայմաններում ես չեմ կարող հասկանալ, ինչն է այս ամենում զարմանալի: Ամեն դեպքում, երբ Միշելը և վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ Բլինքենը, պարզ ասում են, որ պետք է ապահովվի արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, սա է այսօր մաքսիմում մեր խնդիրը»:

Անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 15-ին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքին և հրապարակված հայտարարությանը՝ ըստ որի Արցախի Հանրապետության նախագահին պահանջ են ներկայացնում Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ Ստեփանյանն ասաց. «Իմ տեղեկություններով Արայիկ Հարությունյանը պատրաստ է իշխանությունը զիջել, նրա համար իշխանությունն այս իրավիճակում ինքնանպատակ չէ, նա պատրաստ էր այդ իշխանությունը տալ Ռուբեն Վարդանյանին, բայց պարոն Վարդանանն ինչ-որ պահի որոշում կայացրեց, որ նրան այդ իշխանությունը պետք չէ: Հիմա հայտնվել է Սամվել Բաբայանը, ես կարող եմ ենթադրել, որ Արայիկ Հարությունյանն իրականում պատրաստ է նրան նշանակել պետնախարար և կամաց-կամաց նաև իշխանությունը զիջել, եթե որևէ բան չփոխվի, սա այս պահի դրությամբ»:

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ քաղաքականության մեջ ամեն ինչ շատ արագ փոխվում է. «Ժամանակին կար այսպիսի կոնցեպտ՝ Ռուբեն Վարդանյանը տալիս էր հրաժարական և Ալիևը բացում էր Լաչինի միջանցքը, բայց մենք տեսանք, որ դա չեղավ, որովհետև ինչ-որ պահի ինչ-որ բան փոխվեց և Ալիևը հետ կանգնեց այդ մտադրությունից: Հիմա այս պահի դրությամբ իրավիճակը հետևյալն է, որ սա նախընտրելի սցենար է Արցախի իշխանության համար և պարոն Բաբայանն այս պահի դրությամբ պետք է որ նշանակվի պետնախարար: Հաշվի առնելով, որ Արցախն այսօր ցավոք սրտի գտնվում է օրհասական վիճակում, ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար, դա կլինի դրական քայլ, եթե նա նշանակվի, Արցախում կլինի դիկտատուրա: Ցավոք սրտի, այսօրվա իրողություններում ավելի լավ է լինի դիկտատուրա, քան այն, ինչը կա այսօր: Ես որոշակի սպասելիքներ ունեմ այդ նշանակումից, ինձ թվում է դա ընդհանուր իրավիճակի վրա ավելի լավ կանդրադառնա՝ հաշվի առնելով մեկ շատ կարևոր փաստ՝ Սամվել Բաբայանը քաղաքական գործիչ է, նա կարող է անել քաղաքական քայլեր և հաշվի առնելով նաև նրա ռազմական անցյալը, սա, ընդհանուր առմամբ, կլինի դրական քայլ առաջին հերթին հենց արցախցիների համար»:

 

Աննա Բզնունի

16 Մայիս, 2023 18:02
Վեր