Բարի գալուստ ընտանիք. ՀՀ-ում որդեգրման ենթակա 282 երեխաներից 250-ն ունեն առողջական խնդիրներ,  քանի՞ երեխա է որդեգրվել  և  հոգեբանական ինչ խնդիրներ է ենթադրում ինտեգրումը Zarkerak - Բարի գալուստ ընտանիք. ՀՀ-ում որդեգրման ենթակա 282 երեխաներից 250-ն ունեն առողջական խնդիրներ, քանի՞ երեխա է որդեգրվել և հոգեբանական ինչ խնդիրներ է ենթադրում ինտեգրումը
Zarkerak Zarkerak - Բարի գալուստ ընտանիք. ՀՀ-ում որդեգրման ենթակա 282 երեխաներից 250-ն ունեն առողջական խնդիրներ, քանի՞ երեխա է որդեգրվել և հոգեբանական ինչ խնդիրներ է ենթադրում ինտեգրումը
Բարի գալուստ ընտանիք. ՀՀ-ում որդեգրման ենթակա 282 երեխաներից 250-ն ունեն առողջական խնդիրներ,  քանի՞ երեխա է որդեգրվել  և  հոգեբանական ինչ խնդիրներ է ենթադրում ինտեգրումը

Բարի գալուստ ընտանիք. ՀՀ-ում որդեգրման ենթակա 282 երեխաներից 250-ն ունեն առողջական խնդիրներ, քանի՞ երեխա է որդեգրվել և հոգեբանական ինչ խնդիրներ է ենթադրում ինտեգրումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի մարտի 3-ի  դրությամբ՝ ՀՀ-ում որդեգրման  ենթակա է 282 երեխա, նրանցից 255-ը բնակվում են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում, երեխաներից շուրջ 250-ն ունեն առողջական խնդիրներ:  Երեխա որդեգրել ցանկացողների թիվը 2025 թվականի մարտի 3-ի դրությամբ 92 է: Այս մասին ի պատասխան Zarkerak.am-ի գրավոր հարցման հայտնեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:  

ՀՀ-ում որդեգումների պատկերը վերջին տարիներին 

Հայաստանում 2024թ-ին որդեգրվել է 23 երեխա՝ 11 աղջիկ, 12 տղա: Վերջին տարիների պատկերը հետևյալն է՝  2020-ին որդեգրվել է 36 երեխա, որից 17-ը աղջիկ, 19-ը տղա, 2021-ին՝ 23 երեխա՝ 12 աղջիկ, 11 տղա, 2022-ին՝ 20 երեխա՝ 13 աղջիկ, 7 տղա, 2023-ին՝ 20 երեխա՝ 11 աղջիկ, 9 տղա: Ընդհանուր առմամբ, անցած  4 տարիների ընթացքում որդեգրվել է 122 երեխա, որից 64-ը՝ աղջիկ, 58-ը՝ տղա: 

ԱՍՀՆ-ից տեղեկացրին նաև, որ 2024-ին՝  որդեգրված երեխաներից 14-ն է ծնող կամ ծնողներ ունեցել, 2020 թ-ին՝ 24-ը, 2021-ին՝ 12-ը, 2022-ին՝ 11-ը, 2023-ին՝ 13-ը: Վերջին 4 տարիներին Հայաստանում ապրող ընտանիքների կողմից որդեգրվել է 109 երեխ.  2024-ին՝ 22, 2020-ին՝ 35, 2021-ին՝ 18, 2022-ին՝ 16, 2023-ին՝ 18: Որդեգրված երեխաներից միայն մեկն է ունեցել հաշմանդամություն:

Ինչ վերաբերում է օտարերկրյա որդեգրումներին,  վերջին 4 տարիներին ԱՄՆ-ից որդեգրվել է 8 երեխա, որից 3-ն են ունեցել հաշմանդամություն, Իտալիայից՝ 3 երեխա, հաշմանդամություն են ունեցել 2-ը, Շվեյցարիայից՝ երկու երեխա, հաշմանդամություն է ունեցել 1-ը:

Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե հիմնականում որ տարիքի երեխաներին են  նախընտրում որդեգրել, պատասխանեցին, որ  երեխաները որդեգրվում են տարիքային բոլոր խմբերից.«Շուրջօրյա խնամքի հաստատություններից առավել մեծ է Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ից որդեգրումների թիվը»։

Նախարարությունից ընդգծեցին, որ որդեգրումների հարցում առաջին հերթին նախապատվությունը տալիս են ՀՀ քաղաքացիներին: 

ՀՀ-ում  որդեգրումներն իրականացվում են կառավարության 2010թ-ին հաստատված Որդեգրման կարգի համաձայն, որի 43-րդ կետի համաձայն՝ «Եթե հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին կամ օտարերկրացին որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն ժամանակահատվածում (դիմելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում), ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացուն»։

Հետաքրքրվել էինք, թե արդյոք կան մեխանիզմներ՝ հետևողական լինելու որդեգրված երեխաների ճակատագրին՝ նաև ՀՀ սահմաններից դուրս: 

«Համաձայն Ընտանեկան օրենսդրության 128.1 հոդվածի 1-ին մասի՝ Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և մարզպետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) կողմից` համատեղ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման դեպքում` ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից»:

Ինչ վերաբերում է առկա օրենսդրությանը և այն  բարելավելու անհրաժեշտությանը, նշեցին,  որ առկա է որդեգրման ընթացակարգերի բարելավման նպատակով մշակված «Ընտանեկան օրենսգրքում փոփո­խություններ և լրա­ցումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն այս պահին ներկայացվել է Կառավարություն՝ այլ մանրամասներ չհայտնեցին: 

Նշենք, որ ՀՀ-ում երեխաների որդեգրումներն իրականացվում են կառավարության 2010 թվականի որոշմամբ հաստատված Որդեգրման կարգի համաձայն, մանրամասները՝ այստեղ

Իրավիճակը՝ գետնի վրա 

Որդեգրման գործընթացի վերաբերյալ Zarkerak.am -ին հավելյալ մանրամասներ հայտնեց  Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Մամիկոն Գալոյանը, վերջինս ներգրավված է որդեգրման գործընթացներում: Նա նշեց, որ հանրության շրջանում թյուր պատկերացում կա, թե որդեգրման գործընթացը շատ բարդ ու ժամանակատար է. «Ես նման կարծիքի չեմ, քանի որ բոլոր ժամկետները սահմանված են ըստ կարգի: Որդեգրման մասին դրական եզրակացությունից հետո պետությունն անձանց հաշվառում է որդեգրողներ, հետո անցնում ենք երեխային փնտրելու, այդքան բարդ գործընթաց չէ, ոչ էլ  բարդ փաստաթղթեր ենք ուզում: Դիմումից մինչև համապատասխան երեխային գտնել կարող է մեկ ամիս պահանջել: Ժամանակատար գործընթացն առնչվում է դատական փուլին՝ ծանրաբեռնվածությունով պայմանավորված դատարանը որդեգրման որոշումը կարող է երկարաձգել»: 

Վերջինս նաև հիշեցրեց, որ որդեգրման ընթացակարգը չի ենթադրում որևէ պետական վճար: 

Մամիկոն Գալոյանի խոսքով՝ որդեգրման վճռից հետո մարզպետարանի համապատասխան  պարտավորությունն է պարբերական տնայցեր կատարել.«Պատահական մտնում ենք, տեսնենք որդեգրված երեխան ոնց է զգում, ինչ պայմաններում է ապրում,  նաև հեռախոսազրույցեր ենք ունենում, իսկ տարվա մեջ առնվազն 1-2  այցելություն լինում է»,- նշեց նա:

 

Հետաքրքրվում ենք արդյոք 1-2 այցելությունը տարվա մեջ բավարար է որդեգրված երեխայի ճակատագրին հետամուտ լինելու համար.«Եթե մենք այդ մարդկանց որպես որդեգրող հաշվառում ենք,  ապա արված են լինում բոլոր եզրակացությունները, ուսումնասիրություները, դա բավարար է, որ հասկանանք նորմալ ընտանիք է և նրանց կարելի է երեխա վստահել,  շատ այցելությունների դեպքում նաև էթիկական կողմ կա, որովհետև այդ երեխան փաստացի նրանց զավակն է»,- ընդգծեց նա ու նկատեց, որ չի հիշում, դեպք, որ այցելած լինեն երեխա որդեգրած ընտանիք ու առկա պայմանները, սոցիալ-հոգեբանական վիճակը բավարար չլինեն: 

Մամիկոն Գալոյանը նաև նկատեց, որ եթե արտասահմանցիները նաև հակված են որդեգրել հաշմանդամություն ունեցող երեխաներ, անգամ հաշմանդամ երեխաների հետ աշխատանքում մասնագիտացված անձինք են դիմում, ապա հայաստանցիները նախընտրում են որդեգրել առողջ երեխաների։ 

Թեման՝ հոգեբանական լույսի ներքո

«Որդեգրումների վերաբերյալ ներկայումս հանրության շրջանում այս փուլում ինչ-որ բացասական խոսակցություններ չեմ լսել, միգուցե  դրանք մարդկանց մտքում առավել խորքային կան, բայց ընդհանուր առմամբ ավելի պոզիտիվ են տրամադրված երևույթի հանդեպ: Եթե  կան հնարավորություններ և երկու մարդ ցանկություն ունեն երջանկացնել մի երրորդ մարդու, ինչու չգնալ այդ քայլին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է հոգեբան, արտթերապևտ, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի անդամ Անի Ապիտոնյանը:

Անի Ապիտոնյան 

Որդեգրված երեխային ընտանիքում ինտեգրելու հարցում,  ըստ մեր զրուցակցի, բախվում են ծնողների և երեխայի վախերը, սպասումները, ցանկությունները.«Ընդհանուր առմամբ երեխայի առանձնահատկությունները և հոգեվիճակը շատ կարևոր են, այն միջավայրը,  որտեղ երեխան մեծանում է՝ մասնավորապես ծնող-երեխա կապի  բացակայությունը իրապես  կարող է ազդել երեխայի հոգեբանական զարգացման ու հատկանիշների վրա: Երկու կողմի վախերից է նաև՝ արդյո՞ք կհարմարվի երեխան, կկարողանան միմյանց սիրել թե ոչ»:  

Ըստ նրա շատ  որդեգրող ծնողներ գնում են երեխայի հանդեպ գերխնամքի ճանապարհով, ինչը մի շարք ռիսկեր է պարունակում. «Գերխնամքը  հետագայում կարող է հանգեցնել դաստիարակության մեջ տարատեսակ խնդիրների, նաև երկուստեք մանիպուլյացիայի: Գերխնամքը, թերխնամքը երկուսն էլ խնդիրներ են առաջացնում, իսկ ընդհանուր առմամբ, ինչպես բոլոր երեխաների համար են  տրվում ծնողավարության խորհուրդներ, նույն մոտեցումները կարելի է կիրառել  որդեգրված երեխայի հանդեպ. սա ես ասում եմ որպես օրինաչափությունԲայց չենք կարող հաշվի չառնել, որ, միևնույն է, հուզականությունն այստեղ մեծ է:  Շատ լավ կլինի, որ ծնողները կարիքի  դեպքում դիմեն հոգեբանների՝  ինտեգրման ընթացքն ավելի սահուն, քիչ սթրեսային իրականացնելու համար»: 

«Եթե պիտի վրա ջղայնանաս ինչու՞ որդեգրեցիր», «ես քեզ մանկատնից հանեցի, բերեցի ընտանիք».  ըստ մասնագետի՝ նման «փոխհրաձգություն» կարող է լինել  ընտանիքում, և նաև որոշ վախերից ելնելով  որդեգրող ծնողները կարող են զգուշանալ  նկատողություն անել երեխային, սխալների դեպքում բարկանալ, խոսել խիստ տոնով:

Մեր զրուցակցի դիտարկմամբ,  մեկ այլ խնդրահարույց թեմա էլ որդեգրված երեխայի կողմից «պապա-մամա» ասելն է. թեև այս հարցում չկան հոգեբանական բացարձակ ճշմարտություններ, բայց նշում է.«Մինչև  երեք տարեկան երեխաներրին  բնական է, որ ծնողները կմոտենան իրենց «մամա-պապա» ներկայացնելով,  այդ  տարիքում ավելի հեշտ է ընդունելը:  Ավելի մեծ տարիքի երեխաներին կարող են առաջարկել դիմել, բայց չստիպել, չպնդել, ադապտացիոն փուլեր են հարկավոր, երեխան պետք է հարմարվի»

«Կարող է՝ ամբողջ կյանքում էլ չասի «մամա-պապա», բայց լինեն հրաշալի հարաբերություններ, այստեղ այդ դիմելաձևը պետք է թողնել  երկուստեք հարմարվելուն,  որի արդյունքում  երկու կողմի համար էլ ավելի հեշտ կլինի հասկանալ իրար ոնց դիմեն»:  

Հոգեբանի վստահեցմամբ, որքան էլ որդեգրող ծնողների համար դժվար է, երեխային պետք չէ զրկել ինքն իր մասին ճշմարտությունն իմանալու իրավունքից. «Յուրաքանչյուր անձ ունի իրավունք իր մասին իր մասին ինֆորմացիա ստանալու: Մասնագիտական տեսանկյունից  գտնում եմ, որ, այո՛,  պետք է ասել, թեև չկա հստակ տարիք, բայց այս հարցը  հատկապես զգայուն է դառնում դեռահասության շրջանում, որբ երեխաները պահանջում են պատասխաններ»:

«Բավականին բարդ է լինում ծնողների և երեխաների համար  նոր իրավիճակին հարմարվելը, ծնողները վախենում են, որ կկորցնեն երեխայի սերը  ու դրանից ելնելով չեն ասում՝ չհասկանալով ինչ կլինի դրանից հետո:  Հանդիպել եմ դեպքերի, երբ երեխան  ճշմարտությունն իմանալուց հետո ավելի մեծ սեր է  տածել ծնողների հանդեպ, եղել են դեպքեր, երբ առհասարակ չեն փորձել  գտնել բիոլոգիական ծնողներին կամ հակառակը՝ փորձել են անպայման գտնել»,- ասում է Անի Ապիտոնյանը և կարևորում, թե ինչ մոտեցմամբ կասվի ճշմարտությունը և թե ինչ հարաբերություններ են ձևավորված ընտանիքում։  

 

Մարիամ Մկրտչյան

 

21 Մարտ, 2025 14:49
Վեր