Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիճ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը, և իրենց նման ապահոգևոր մարդիկ, որոնք, ըստ էության, կալանքի տակ են պահում Մայր Աթոռը։ ՀՀ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետև Եկեղեցին իր հավատավոր հոտով է Եկեղեցի։ Մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հենց Կտրիճ Ներսիսյանն է, որ Եկեղեցու հետևորդ չի։
«Ես հիմա էլ եմ ասում, բա մարդը «Բենթլի» ունենա, «Մերսեդես բենց» ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, սիրուհիներ ունենա ու հաշվետվություն չտա՞։ Խելագա՞ր եք։ Չի կարող նման բան լինել։ Մենք էլ մեր մեղքն ենք ընդունում, և դա է քրիստոնեությունը, ոչ թե հոխորտալը, կեղծիքներ անելը, ոչ թե քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ-որ բան անելը։
Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիճ Ներսիսյանի և իր եղբոր վրա է։ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. դրանից ավելի մեծ ինչ կոմպրոմատ կարո՞ղ է լինել։ Մինչև հիմա Կտրիճ Ներսիսյանը չի ասել՝ աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Եթե ունի, դա համատեղելի՞ է իր կարգավիճակի հետ, թե՞ ոչ։
Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարեկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի այդ լեյտենանտներին։
Երկրորդը՝ ո՛չ Նավասարդ Կճոյանը, ո՛չ որևէ այլ հոգևորական ինձ հաշվետվություն տալու կարիք չունեն։ Բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ՝ առանց բացառության։ Այն օրը վերնագիր կարդացի, որ ասում են՝ ուզում է քանդի Եկեղեցին։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, որ Հայաստանի այս Առաքելական Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի օրոք վերածվել է ավերակների։ Համատարած մեր եկեղեցիներում երգչախումբ չկա։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարագներ չեն մատուցվում, որովհետև իրենք չի հետաքրքրում դա։
Ես Կտրիճ Ներսիսյանի հետ շփվել եմ ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ ենք գնացել, ինքնաթիռում 12 ժամ կողք կողքի նստել ենք։ Ես ինքս ինձ հարց եմ տվել՝ ո՞նց է այսպես լինում, որ հոգևորականի հետ խոսես ժամերով, օրերով, ու որևէ հոգևոր թեմա չարծարծվի, ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա: Այստեղ փող կա, այստեղ բետոն կա, այնտեղ «պագրիշկա» կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այ դա է կատաստրոֆան»։
Ըստ վարչապետի, պետք է առերեսվել այն իրականության հետ, որ նեղ վերնախավը միլիոնատեր է, իսկ քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։
«Դուք չեք առերեսվում այն իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում, իսկ նրանք, ովքեր ինքնուրույնություն են դրսևորում, հեռավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում։ Հայաստանի եկեղեցիները վեր են ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաները ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ գործում է Կտրիճ Ներսիսյանը և բոլոր իրենց պաշտպանողները։ Իրենց համար եկեղեցին եղել է, կա և ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք, մենք դա թույլ չենք տալու։
Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի։ Նույնիսկ օտարերկրյա հատուկ ծառայությունները, ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի»,– ասաց վարչապետը։

