Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցում առավել կարևորություն ներկայացնող հարցերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգի բովանդակային հագեցվածությունը։
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը գոհունակությամբ նշել են օրերս ՀՀ-ԵՄ նոր ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը՝ ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՀՀ մոտեցումները։
«Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող է վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։


