Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ում հետ ուզում է դաշինք կազմեն, մեկ է վերջում միանալու են նախկինների հետ, դա անքննելի է: Այդքան էլ նոր ուժեր չեն, մեկն է, որ անհայտ կուսակցությունից է, մյուսը մշտապես հայտնի է եղել ակտիվ ընդդիմադիր խոսույթով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրություններին դաշինքով հանդես գալուն՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ ցանկացած պարագայում մախինացիայի հետ գործ ունենք. «Նրանք հայտարարում են, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որն իրավասություն չունի ոչ մի ձև ընտրվելու ո՛չ պատգամավոր, ո՛չ վարչապետ: Նրանք մանիպուլացնում են քաղաքացուն՝ ասելով, որ չենք միանալու ոչ մեկին, ում են միանալու, եթե նրանց բոլոր հարցումներով նրանք 50+ չունեն, դա նշանակոմ է՝ ինչ-որ մի ուժի պետք է միանան, իսկ ինչ-որ մի ուժերն ըստ հարցումների Քոչարյան-Ծառուկյանն են, նրանց թեկնածուն չի կարող լինել վարչապետի թեկնածու, ո՞վ է լինելու թեկնածուն»:
Մինասյանը նկատեց, որ նրանց հույսը ո՛չ քաղաքական միտքն է, ո՛չ քաղաքական ծրագրերը, այլ՝ ֆինանսը. «Ակնհայտորեն մեծ գումարներ էր ծախսվում թե՛ քարոզարշավի, թե՛ ինչ-որ մասնագետների հրավերներ ուղարկելով, ինչ վերաբերում է ընտրակաշառքին, կարծում եմ, որ պետք է շատ ավելի լայն տարածում ստանա այն, որ կաշառք վերցնողը և տվողը հավասարաչափ պատիժ կրող են: 2018 թվականից հետո նմանատիպ դրվագները մշտապես պատժվել են, դուք ինչ աստիճանի մանկամտությամբ եք տառապում, որ 2026 թվականի Հայաստանում ընտրակաշառքով եք փորձում ձայներ հավաքել: Պետք է սպասել դատարանի վճռին, այդ ձայնագրությունները մեզ ինչ-որ պատկեր տալիս են, բայց շատ կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ նմանատիպ գործընթացների մեջ ներգրավվելով պարտադիր պատիժ է կրելու»:
Լիլիթ Մինասյանի կարծիքով՝ իրենք չեն շարունակում նախկինների գործելաոճը, իրենք հենց նախկին են, իրենց մտածելակերպն է նախկին, իրենց կապերն են նախկին, իրենց քաղաքական ուժի մեջ ներգրավված դեմքերն են նախկին. «2018 թվականից հետո քաղաքացին հասկացել էր, որ իր ձայնը հասնում է տեղ և իր ձայնի իրավունքն իրենից ոչ ոք չի կարող գողանալ: Ինչ վերաբերում է գումար բաժանելուն, դա նրանց միակ հույսն է, միակ գործելաոճն է»:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստան»-ը շանսեր չունի ընտրություններին հաղթելու, նրանց միակ շանսն ԱԺ-ում ընդդիմություն դառնալն է. «Անընդհատ կրկնելը՝ ուժեղ ենք, հաղթելու ենք, կարծում եմ՝ իրականություն չի դառնա: Պետք է ավելի ազնիվ լինել, հասկանալ և ճանաչել մեր ժողովրդին, որովհետև մեր ժողովուրդը զգում է ցանկացած ոչ անկեղծ խոսույթ»:


