Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե մարդը մասնագիտացել է ու դա իր մոտ ստացվում է, ուրեմն թող զբաղվի նրանով, ինչն իր մոտ լավ է ստացվում: Հիմա իր մոտ փող աշխատելը ստացվում է, թող զբաղվի դրանով, իսկ քաղաքականությունը թողնի քաղաքական գործիչներին, իր մոտ քաղաքականությունը չի ստացվել, հայտնվել է բանտում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հրապարակած այն տվյալներին, ըստ որի՝ Forbes-ի 2026 թվականի տվյալների համաձայն Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլլարով կազմելով 4.1 մլրդ ԱՄՆ դոլլար՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ եթե ինքը կարողանում է ուրիշների կյանքը բարելավել, ուրեմն այսպես թե այնպես պետք է բարելավի. «Քանի որ մինչև հիմա չի անում, ուրեմն նշանակում է՝ չի ուզում, որ մարդիկ լավ ապրեն, այսինքն պաշտո՞ն է ուզում, որ օգնի հայրենիքին: Եթե փող աշխատել գիտես, այդ փողը բաժանիր, ծախսիր կրթության, առողջապահության, պաշտպանության վրա, թող հիմա էլ անի, ով է իրեն խանգարում»:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի՝ Արշակյանը նշեց. «Զոհաբերելու համար որևէ մեկը ձեռքը բռնո՞ւմ է, թող ենթակառուցվածքները բարելավեն, ճանապարհներ սարքեն, թող իրենց սեփականությունը հանդիսացող էլեկտրոցանցերում բարենորոգումներ անեն, թող ռուսական երկաթուղիներն արդիականացնեն իրենց հաշվին: Ես չեմ հասկանում՝ ինքն ինչ է ուզում: Եթե ուզում ես քո ունեցվածքը զոհաբերել, նվիրել հայրենակիցներիդ, եթե ուզում եք քո ունեցվածքը բազմապատկել հայրենակիցներիդ հաշվին, ՀՀ-ի հաշվին, ուրեմն դու կհայտնվես բանտում, ոնց որ հիմա կաս: Հարց է առաջանում, եթե դու հաջող գործարար ես՝ բա Հայաստանում ինչու է էլեկտրոցանցը վատ աշխատում, ինչու կրկեսը ժամանակին չկառուցվեց: Մինչև հիմա նա փող է աշխատել աշխարհի տարբեր վայրերում, թե ինչու եկավ Հայաստան, չեմ հասկանում, ինքը գոնե չի բացատրում: Հայաստանն այո օգնության կարիք ունի, պարտք ունի, թող մի քանի միլիարդ պարտքն ինքը փակի, դա նվեր կլինի ողջ հայությանը: Հայրենիքին ծառայելու ձևը կա՝ պետական պարտքը կրճատում է: Ինքն առևտուր է անում հայկական պետության հետ, սակարկում է: ՀՀ քաղաքացիները կարծիք ունեն, հայտարարել են, որ ուզում են գնալ Եվրոպա, ստորագրահավաք է եղել, դա դարձել է օրենք, ինքը հայտարարեց, որ դրան դեմ է, ինքն ուզում է ՀՀ-ին տանել դեպի անազատություն, դեմ է հայ ժողովրդի ծրագրերին»:
Խոսելով նաև Կարապետյանի այն հայտարարության մասին, թե իր կառուցած բիզնես ընկերության կառավարումը փոխանցում է իր երեխաներին, իսկ ինքը ծառայելու է երկրին՝ Արշակյանն ասաց. «Դա գեղջկական հնարանք է, բա դրանից առաջ ում էր թողնելու իր ունեցվածքը, էլի իր զավակներին էր թողնելու, կտակ ունի՞, որ իր ունեցվածքը մնում է ՀՀ-ին: Կան մեծահարուստներ, որ իրենց կտակում արդեն գրել են, որ իրենց ունեցվածքը թողնում են ինչ-որ կազմակերպության, ժառանգներին իհարկե, տուն, ապրուստ թողնում են, բայց մեծ մասը թողնում են ինչ-որ ֆոնդի, ինքն էլ դա թող աներ: Մինչև հիմա իր ունեցվածքը, օրինակ՝ էլեկտրոցանցերը բազմաթիվ չարաշահումներ ունեն, կա՛մ իրենից գողանում են, կա՛մ ինքը դրա մասնակիցն է, հիմա ՀՀ-ն դառնալո՞ւ է էլեկտրոցանց, ով ինչքան կարողանա կողոպտի, ինքը դա՞ է ուզում Հայաստանում անել»:


