Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ենթադրենք՝ մանդատը չեն վերցնելու, ինչ են անելու, գործող օրենքով անհրաժեշտ է 50 տոկոսից ավել ձայն, որպեսզի խորհրդարանը լուծարվի, մանդատները վերցնեն, թե չվերցնեն խորհրդարանը չի լուծարվի, եթե չեն վերցնում, ՔՊ-ն միայնակ է ձևավորելու խորհրդարանը և դա համապատասխանում է Սահմանադրությանը, ճգնաժամ չի առաջանա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության մանդատները վերցնելու հավանականության մասին հարցին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Խոսելով այլ սցենարների մասին՝ Ստեփանյանը նշեց. «Երկրորդ սցենարը՝ ենթադրենք իրենք մանդատը էլի չեն վերցնում, ինչ են անելու, դուրս են գալու փողոցային պայքարի՞, իրենք չունեն այդ կրիտիկական զանգվածը և դա ցույց է տվել բոլոր իրենց փորձերը՝ Սրբազան շարժում, թեժ աշուն և այլն: Իրենց կրիտիկական զանգվածը, որ կարող են հավաքել՝ մաքսիմում 15-20 հազար մարդ է, այն էլ նրանք 1-2 օրից ավել չեն կանգնելու: Եթե դու ուզում ես անել հեղափոխություն, եթե չես ճանաչում ընտրությունների արդյունքները, քեզ առնվազն պետք է 200-300 հազար մարդ, որոնք մի 2 շաբաթ պատրաստ են կանգնել փողոցում և պայքարել: Եվ երրորդը՝ ընտրությունները եղել են լեգիտիմ, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, եղել են պարզ, այն, որ ընդդիմությունը, նույնիսկ Քոչարյանը հավաքել է այդքան ձայն, դա խոսում է այն մասին, որ որևէ կեղծիք չի եղել: Որևէ մեկը բացի Ռուսաստանից՝ հարցեր չունի ընտրությունների մասով, նույնիսկ նոմինալ պատճառ, որպեսզի այս երեք ընդդիմադիր քաղաքական ուժերը չճանաչեն ընտրությունների արդյունքները՝ չունեն»:
Քաղաքագետի կարծիքով՝ մանդատները չվերցնելը թե՛ մեկ, թե՛ երկու ուժի դեպքում ընդհանրապես անիմաստ գործողություն է. «Կարծում եմ՝ նրանք մանդատները վերցնելու են, գնալու են խորհրդարան և դրա հետ մեկտեղ ինչ-որ ժամանակ փորձելու են ձևավորել փողոցային պայքարի իմիտացիա, դա կարճ է տևելու, նույնիսկ կարող է ընդհանրապես չլինել, լուրջ անհամաձայնություններ չեմ տեսնում: Այդ մարդիկ գնացել են ընտրությունների՝ մանդատների հետևից, ինչպես կարող են հրաժարվել: Եթե ես գիտեի, որ իշխանությունը հաղթելու է, ինչ է Քոչարյանը, Կարապետյանը կամ Ծառուկյանը չգիտեի՞ն»:
Անդրադառնալով ընդդիմության իրենց ընտրողներին տված խոստումներին՝ Ստեփանյանն ասաց. «Քաղաքականությունում ազնվություն կատեգորիա չկա, մարդիկ ստեղծել են իմիտացիա, դա ավարտվել է ոչնչով, հիմա իրենք շատ հանգիստ գնալու են մանդատները վերցնեն և ասելու են՝ չենք դարձել իշխանություն, ինչ եք ուզում մեզնից, այ, որ դառնայինք՝ 300 հազար աշխատատեղ էլ կստեղծեինք, երկնքից մանանա էլ կբերեինք»:
Խոսելով նաև հետընտրական հնարավոր զարգացումների մասին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Բողոքարկումներ կարող են լինել, մենք տեսնում ենք, որ մինչ այսօր ինչ բողոքարկման փորձ եղել է՝ մի բան էլ ՔՊ-ի օգտին է եղել, այդ անճշտություններից ՔՊ-ն ավելի շատ ձայն է ստացել, նույնիսկ կարող են դիմել ՍԴ, դա նորմալ գործընթաց է: Ես չեմ կարծում, որ այս ընտրությունների արդյունքում եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա»:


