Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Վերընտրվելով նախագահի պաշտոնում` Սարգիս Խանդանյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած վստահության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանի գործընկերների հետ սերտ համագործակցելու հնարավորության համար՝ մեր ընդհանուր արժեքների առաջմղման գործում:
Այս ժամանակահատվածում մեր հանձնաժողովը շարունակել է կենտրոնանալ մեր հասարակությունների առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչեւ հակամարտությունների ու անկայունության հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամերը:
Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով անաչառության, երկխոսության ու համագործակցության նկատմամբ ամուր հանձնառության սկզբունքներով»:
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը ընթանում է հուլիսի 4-8-ը՝ Հաագայում:


