Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Եվրոպոլի և եվրոպական այլ իրավապահ կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը։
Նախարարը նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրավապահ համագործակցության խորացումը կարևոր ուղղություններից է։ Եվրոպոլի հետ առավել խորացված համագործակցությունը, իսկ ապագայում նաև Եվրոպական հանրային դատախազության՝ EPPO-ի և Եվրոջասթի հետ փոխգործակցությունը ենթադրում են ոչ միայն իրավական, այլև տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ պատրաստվածություն։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է ապահովել անձնական տվյալների պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխան անվտանգ տեղեկատվական միջավայր, քանի որ նման համագործակցության հիմքում վստահելի և պաշտպանված տվյալների փոխանակումն է։
Իրավապահ մարմինները պետք է ունենան նաև փոխգործունակ թվային համակարգեր, որոնք հնարավորություն կտան անվտանգ, արագ և ստանդարտացված ձևաչափերով տեղեկատվություն փոխանակել՝ պահպանելով կիբերանվտանգության բարձր պահանջները, տվյալների ամբողջականությունն ու հետագծելիությունը։
Նախարարը կարևորել է նաև վերլուծական և օպերատիվ կարողությունների զարգացումը, ժամանակակից թվային գործիքների, թվային ապացույցների կառավարման մեխանիզմների և մասնագիտացված կարողությունների ներդրումը։ Դրանք անհրաժեշտ են անդրազգային կազմակերպված հանցավորության, միգրանտների մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցավորության և ֆինանսական հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու համար։
Արփինե Սարգսյանը նշել է, որ գործընթացը ենթադրում է նաև ինստիտուցիոնալ կարգապահության բարձրացում, միասնական աշխատանքային ստանդարտների ներդրում, շարունակական վերապատրաստում և եվրոպական գործընկերների հետ օպերատիվ համագործակցության խորացում։
Նրա գնահատմամբ՝ խոսքը ոչ թե առանձին տեխնիկական բարեփոխումների, այլ եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ համատեղելի լիարժեք իրավապահ էկոհամակարգի ձևավորման մասին է։ Այն Հայաստանին հնարավորություն կտա այդ ցանցում գործել որպես վստահելի և լիարժեք գործընկեր։
Այս ուղղությամբ արդեն գործնական առաջընթաց է գրանցվել։ Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ։ ՆԳՆ-ն միացել է նաև Եվրոպոլի SIENA անվտանգ տեղեկատվության փոխանակման համակարգին։ Համապատասխան տեխնիկական ենթակառուցվածքը տեղադրվել և գործարկվել է՝ ապահովելով եվրոպական գործընկերների հետ օպերատիվ, անվտանգ և ստանդարտացված հաղորդակցություն։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում ՀՀ դատախազությունը Եվրոջասթում դատախազ կնշանակի։

